ԵԽ-ն բարձր է գնահատել արդարադատության նախարարության հետ գործակցությունը․ քննարկում՝ ԱԳՆ-ում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

l-0x136wh-2048x1193z-0.3838

Արդարադատության նախարարի տեղակալներ Լևոն Բալյանը և Կարեն Կարապետյանը մասնակցել են ԱԳՆ-ում կայացած Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի և Գործընկերություն հանուն լավ կառավարման ԵԽ-ԵՄ համատեղ նախաձեռնության 2023-2027 թթ. Հայաստանի ծրագրի միջգերատեսչական կոմիտեների նիստերին:

Նիստերի ընթացքում ամփոփվել են նախորդ տարի մեկնարկած Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի և ԵԽ-ԵՄ Գործընկերություն հանուն լավ կառավարման 2023-2027 թթ. Հայաստանի ծրագրի կատարման ընթացքը, դրական արդյունքներ են արձանագրվել դատաիրավական համակարգի, արդարադատության արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի, կիբերհանցագործությունների դեմ պայքարի, կենսաբժշկության, քրեակատարողական հիմնարկներում առողջապահության բարելավման, պրոբացիոն համակարգի զարգացման, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Անդրադարձ է կատարվել նաև կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի իրականացման մանրամասներին: Քննարկվել են նաև խտրականության արգելքի երաշխավորմանն առնչվող հարցերը. ներկայացվել են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, խտրականության դեմ պայքարի օրեսնդրության մշակման, ատելության խոսքի և ատելության շարժառիթով կատարվող հանցանքների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել, մասնավորապես՝ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում: Եվրոպական կողմը բարձր է գնահատել արդարադատության նախարարության հետ համագործակցությունն ու պատրաստակամություն հայտնել շարունակել արդյունավետ գործընկերությունը։

Միջոցառումը համանախագահել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ու ԵԽ ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը։

--00—ՅՄ