«Քրիստոնյա ընտանիք՝ պաշտպանված հայրենիք»․ Գարեգին 2-րդն ընդունել է սպաների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

Հունիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, «Քրիստոնյա ընտանիք՝ պաշտպանված հայրենիք» խորագրով հոգևոր, ազգային-մշակութային միջոցառումների շրջանակներում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի զորամիավորումների և Արմավիրի կայազորի սպաներին՝ իրենց ընտանիքներով:

Սա Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ 2019 թվականն ընտանիքի տարի հռչակելու առիթով ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության կազմակերպած առաջին ուխտագնացությունն էր դեպի Սուրբ Էջմիածին: Սպաներն իրենց ընտանիքներով նախ ճանաչողական այցելություն կատարեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ՝ հաղորդակցվելով հայոց դարավոր հոգևոր սրբություններին, որից հետո հանդիպում ունեցան Նորին Սրբության հետ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԶՈԻ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը մշտապես Հայոց բանակի կողքին լինելու և աջակցելու համար:

Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր մասնավոր գնահատանքը բերեց հրամանատարներին, սպաներին և նրանց ընտանիքներին իրենց հայրենասիրության ու աստվածսիրության համար:  Նորին Սրբությունը մասնավորաբար սպաների ուշադրությանը հանձնեց այն հանգամանքը, որ աստվածսիրությունից է բխում հայրենասիրությունը: «Մեծագույն պատվիրանը, որ Աստված տվեց մեզ, դա սիրո պատվիրանն է. սեր ինչպես միմյանց նկատմամբ, այնպես էլ հայրենիքի, ազգի ու ընտանիքի հանդեպ: Ամեն բան իբրև մնայուն արժեք կերտվել է սիրով: Բոլոր մնայուն արժեքները ստեղծվել են մեր հոգում հանդեպ մեր հայրենիքը, մեր Եկեղեցին ու մեր Աստված ունեցած սիրուց», - նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հավելելով, որ հայ զինվորի ու հրամանատարի ծառայությունն ու պայքարը իրենց զավակների, հայրենիքի ապահով և խաղաղ կյանքն է:

Գարեգին Բ Վեհափառը կարևորեց նաև Հայոց Եկեղեցու ամուր կապը և գործակցությունը ՀՀ Զինված Ուժերի հետ` մասնավորապես անդրադառնալով յուրաքանչյուր սպայի կյանքում հոգևոր սպասավորների դերին, քանի որ վերջիններս ամենօրյա ծառայություն են իրականացնում հայ սպաների հետ՝ նրանց քրիստոնեական ոգին մշտավառ պահելու և հոգևոր արժեքներով սնելու համար:

Իր սերն ու խոնարհումը բերելով ներկա սպաներին իրենց հայրենանվեր ծառայության համար` Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ Հայոց բանակի քաջարի զինվորները, հրամանատարները և նրանց ընտանիքները հանապազ իր աղոթքներում են:

Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Տերն Իր մշտական օրհնության ներքո պահի հայ զինվորականներին և նրանց ընտանիքներին, որպեսզի հավատով և քաջեռանդ շարունակեն իրենց նվիրյալ ծառայությունը:

ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի անունից ելույթ ունեցավ նաև կորպուսի հրամանատար գնդապետ Անդրանիկ Փիլոյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ Զինված Ուժերի հանդեպ Վեհափառի մշտական ուշադրության համար:

Հանդիպման ավարտին հոգևոր և ազգային երգերի կատարումներով հանդես եկավ Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Աննա եկեղեցու «Գանձեր» երգչախումբը:

 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news