Ինչո՞ւ էր այդքան շտապում Նիկոլ Փաշինյանը․ «168 ժամ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

քաղաքական

«Պետական բյուջեի կատարման առաջին կիսամյակի ցուցանիշները հրապարակելուց հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց «լավ լուր» հայտնել հասարակությանը։

«Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով: Եվ ահա՝ 2019 թ. առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25,1 տոկոսով կամ 152 մլրդ դրամով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր վարչապետը։

Դժվար է ասել, այն ժամանակ նա պատկերացնո՞ւմ էր, որ շուտով այլևս նման առիթ չի ունենալու, բայց որ այլ կերպ չէր կարող լինել, հայտնի էր ի սկզբանե։

 

Ոչինչ, որ Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ բան էր խոստացել հեղափոխությունից առաջ, դեռ այս հայտարարությունն անելու ժամանակ պարզ էր, որ շատ վաղ է 6 ամսվա տվյալներով դատողություններ անել բյուջեի եկամուտների վերաբերյալ։ Ու շատ ժամանակ պետք չեղավ դրանում համոզվելու համար։

Ֆինանսների նախարարությունը հրապարակել է այս տարվա պետական բյուջեի կատարման 7 ամիսների հաշվետվությունը։ Ինչպես և սպասվում էր, բյուջեի եկամուտների աճն այլևս այնպիսին չէ, ինչպիսին ընդամենը մեկ ամիս առաջ հայտարարում էր վարչապետը։ Այն սկսել է նահանջել։ Ընդ որում, նահանջել է ոչ միայն բյուջեի, այլև՝ հարկային եկամուտների աճը։

Եթե առաջին կիսամյակի տվյալներով՝ պետական բյուջեի մուտքերն ավելացել էին 25,1 տոկոսով, ապա արդեն 7 ամիսների արդյունքում աճը կազմել է 23,8 տոկոս։

Այսինքն` ընդամենը մեկ ամսում եկամուտների աճը նահանջել է 1,3 տոկոսային կետով։

Նույնը տեղի է ունեցել հարկային եկամուտների դեպքում։ Նախկին 24,5 տոկոսից այն իջել է 23,2 տոկոսի։ Տարբերությունը նույնպես 1,3 տոկոսային կետ է։

Ինչպես և առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելու ժամանակ զգուշացնում էր Պետեկամուտների կոմիտեի նախագահը, առաջիկա ամիսներին հարկային մուտքերի առումով նույնպիսի աճեր չպետք է ակնկալել, ինչպիսին արձանագրվել է տարվա առաջին կեսին։ Այն ժամանակ Դավիթ Անանյանը նույնիսկ անուղղակի մեղադրեց Ֆինանսների նախարարությանը` բյուջեի եռամսյակային համամասնությունները ճիշտ չպլանավորելու համար, ինչի հետևանքով հարկային եկամուտների երրորդ եռամսյակի ցուցանիշները կթերակատարվեն։

«Մեր կանխատեսումներով՝ պլանավորված 373 միլիարդից մի 20-25 մլրդ դրամը չի կատարվի, կամ այսօր այդպիսի ռիսկեր կան»,- հայտարարել էր Դավիթ Անանյանը։

Իհարկե, դեռ չկան երրորդ եռամսյակի տվյալները, որպեսզի հնարավոր լինի ասել, թե որքանո՞վ իրականացան ՊԵԿ նախագահի մտահոգությունները։ Բայց հուլիսի հարկային մուտքերի կատարողականն արդեն հրապարակվել է, և կարելի է որոշակի հետևություններ անել։

Այսպես` հուլիսին պետական բյուջեի հարկային եկամուտները և պետտուրքերը կազմել են 118,5 մլրդ դրամ։ Նախորդ ամսվա համեմատ՝ մուտքերը բավական կտրուկ կրճատվել են։ Խոսքը 23,5 մլրդ դրամի մասին է։

Հիշեցնենք, որ հունիսին բյուջե էր մուտքագրվել ավելի քան 142 մլրդ դրամ։

Իհարկե, ընդունված է ասել, որ այս երկու ամիսների ցուցանիշները տեղին չէ համեմատել, որովհետև կա համադրելիության խնդիր։ Հունիսը համարվում է հաշվետու, իսկ հուլիսը՝ ոչ հաշվետու ամիս։ Ուստի տարբեր են լինում նաև մուտքերը։

Ընդունենք, որ այդպես է։ Ու որպեսզի հանենք սեզոնային գործոնը` մուտքերը համադրենք նախորդ տարվա հետ։ Կստացվի, որ այս տարվա հուլիսին պետական բյուջեի հարկային մուտքերը կազմել են 118,5 մլրդ դրամ` նախորդ տարվա 102,2 միլիարդի դիմաց։

Այլ կերպ, դրանք ավելացել են 16,3 միլիարդով։ Աճը կազմում է շուրջ 15,9 տոկոս։

Անշուշտ, վատ արդյունք չէ։ Բայց դա հիմք է տալիս ասելու, որ տարեվերջին ընդառաջ՝ հարկային եկամուտների աճի տեմպը գնալով նվազում է։

Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է, բերենք վերջին մի քանի ամիսների ցուցանիշները. ապրիլին` նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, հարկային մուտքերի աճը հասավ ռեկորդային 31,7 տոկոսի, մայիսին կազմեց՝ 22,3, իսկ հունիսին` 17,3 տոկոս։ Արդեն հուլիսին 15,9 տոկոս է։

Դժվար չէ տեսնել, թե երեք-չորս ամսում հարկային մուտքերի աճն ինչպիսի հետընթաց է դրսևորել։

Ու բնավ զարմանալի չէ, թե ինչո՞ւ էր ժամանակին Պետեկամուտների կոմիտեի նախագահը հայտարարում առաջիկայում աճի այնպիսի ակնկալիքներ չունենալու մասին, ինչպիսին առաջին կիսամյակում էր, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ շտապում հիշեցնել հեղափոխությունից առաջ տրված խոստման և բյուջեի եկամուտների 25,1 տոկոս կատարողականի մասին։ Նման հնարավորություն, ըստ էության, այլևս չի լինելու։

Դատելով առկա միտումներից՝ առաջիկա ամիսներին բյուջեի հարկային մուտքերի աճի տեմպը կշարունակի իջնել։ Ու դեռ հարց է, թե մինչև տարեվերջ ինչ կմնա վարչապետի հայտարարած առաջին կիսամյակի 25,1 տոկոսից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: