Գրոզնի-Մոսկվա չվերթի երկու ամսական ուղևորը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ինքնաթիռ

«РИА Новости» գործակալությունը գրում է, որ Գրոզնի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում ինքնաթիռի 2 ամսական ուղևորին հիվանդանոց տեղափոխելու համար: Երեխայի կյանքը, սակայն, փրկել չի հաջողվել։

«2 ամսական երեխան կլինիկական մահվան վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ գրանցվել է կենսաբանական մահը: Ըստ՝ հետաքննության նախնական տվյալների՝ երեխան տառապել է բնածին հիվանդությամբ»,- հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի Վոլգոգրադի քննչական վարչության մամուլի ծառայությունը:

Վոլգոգրադի օդանավակայանի մամուլի ծառայությունը ևս հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հինգշաբթի «Utair» ավիաընկերության Գրոզնի-Մոսկվա ինքնաթիռը տեղական ժամանակով 14:45-ի սահմանում երեխայի ինքնազգացողության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում: Նորածինը մոր հետ տեղափոխվել է տեղական հիվանդանոց, իսկ ինքնաթիռը մեկ ժամ անց շարունակել է թռիչքը: