ՀՀ ԱԻՆ-ը ուսումնական վարժանք է անցկացրել ընկերություններից մեկի նավթամթերքի բազայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 31, 24News

.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 31-ին անցկացրել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը նավթամթերքների պահեստներում» թեմայով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուսումնական վարժանքը տեղի է ունեցել «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող նավթամքերքի բազայում:

Ըստ վարժանքի սցենարի՝ նավթամթերքների բազայում խողովակաշարի վրա զոդման աշխատանքներ իրականացնելիս հրդեհ է բռնկվել, որը տարածվել է դեպի ուղղահայաց գլանաձև տարա և սպառնում է նաև հարակից գլանաձև մետաղական տարաներին:

Կանչով շտապ դեպքի վայր են ժամանել Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատները, որոնք զինված էին բարդ հրդեհաշիջման համար նախատեսված համապատասխան տեխնիկական միջոցներով:

«Հրշեջ-փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ հաջողվել է կանխել հրդեհի հետագա տարածումը, այնուհետև մեկուսացնելով կրակի օջախը՝ մարել այն:

Հրշեջ-փրկարարները կարողացել են ամբողջ ծավալով կատարել ուսումնավարժանքի սցենարով իրենց առաջ դրված խնդիրները:

Ուսումնավարժանքը նպատակ ուներ ամրապնդել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի անձնակազմի գիտելիքները նավթամթերքների պահեստներում առաջացած հրդեհների հրդեհաշիջման և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ, ինչպես նաև կատարելագործել ՃԿԱԿ ԱԻԱ բաժնի անձնակազմի գործնական հմտությունները արագ արձագանքման, ԱԻ վայրում կառավարման կետի ձևավորման, ՓԾ ուժերի և միջոցների ներգրավման, կազմակերպման և ղեկավարման, որոշումների կայացման, ինչպես նաև շտաբային մեքենաների ծավալման և կապի համակարգի կիրառման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ: