Արցախի անկախ կարգավիճակը բանակցություններում սակարկման առարկա չի կարող լինել․ Աշոտ Ղուլյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Աշոտ

Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարի ժամանակ կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հետևողականորեն դիրքորոշում է արտահայտել պետության արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունների վերաբերյալ՝ կարևորելով Արցախի անկախության միջազգային ճանաչման և անվտանգության երաշխավորման հրամայականը: Այդ մասին հայտնում է «Արցախպրեսը»։ 

«Պնդել ենք ու շարունակելու ենք պնդել, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ու միայն բանակցություններին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցության պարագայում, իսկ առաջարկվող լուծման տարբերակներն ու առաջարկները առաջին հերթին պետք է ընդունելի լինեն հակամարտության անմիջական կողմի՝ Արցախի ժողովրդի համար:

Բանակցություններում սակարկման առարկա չեն կարող հանդիսանալ Արցախի անկախ կարգավիճակը և Արցախի ժողովրդի բնական իրավունքների ճանաչումն ու հարգումը»,- ասել է ԱԺԿ նախագահը, ապա համոզմունք հայտնել, որ արդարացի պահանջը հասանելի դարձնելու և այս հարցում լուրջ հաջողություններ ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ առավելագույնս ներգրավելու հայկական Սփյուռքի և օտարերկրյա գործընկերների ներուժը:

Աշոտ Ղուլյանը նաև պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու միջազգային գործընկերների հետ ընդգրկուն գործակցության քաղաքականությունը՝ պատրաստ լինելով անդամակցելու այնպիսի քաղաքական միավորումների, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունն ու հարգումը, ազգերի ինքնորոշման սկզբունքն ու պետությունների ինքնիշխան հավասարությունը բարձր արժեքներն են։