Չկա որևէ արդարացում նման արարքի․ Թորոսյանը «Արաբկիր» ԲԿ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News 

Թորոսյան

Արաբկիր բժշկական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ դեկտեմբերի 11-ին «Արաբկիր» Բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ, ում երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ:

«Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը: Իրավիճակը կանխվել է հիվանդանոցի եւ անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժման նպատակով:
Հաջորդ օրը` կեսօրին, երեխայի ծնողներն, ըստ «Արաբկիր» Բժշկական համալիրում գործող կարգի, հրավիրվել են վերակենդանացման բաժնի վարիչի սենյակ՝ երեխայի վիճակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Այդ ընթացքում հայրն անվայել խոսքեր է հնչեցրել բաժանմունքի վարիչի հասցեին և գլխով հարվածել վերջինիս դեմքին, ինչի արդյունքում բժիշկը ստացել է մարմնական վնասվածք։
Տեղի ունեցած միջադեպի մասին հայտնվել է Արաբկիրի ոստիկանություն»,- ասված է ԲԿ գրառման մեջ:

Միջադեպին արձագանքել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

« Չկա որևէ արդարացում նման արարքի‼️

Ցանկացած բռնության դեպք, կրկնում եմ ցանկացած նման դեպք բուժաշխատողների նկատմամբ պետք է դատապարտելի է լինի 10-ապատիկ ավելի, քանի որ բռնության ենթարկվողը կյանքեր է փրկում, այդ թվում բռնարարի կամ նրա հարազատի։

Կոչ եմ անում իրավապահներին պարզել մեղավորներին և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել նրանց»։