Պատերազմի դեպքում Իրանի ազերիները դուրս կգան վերահսկողությունից. քննարկում 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

«ԱՄՆ-Իրան լարվածությունը կանխատեսելի էր դեռ նախկինում, քանզի մինչ այդ  նախագահ Թրամփը փոխեց Վաշինգտոնի մերձավորաևելյան քաղաքականությունը՝ դուրս գալով միջուկային պայմանագրից, արձագանքելով Իրանին կոշտ պատժամիջոցների տեսքով»,-  այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշել է  արաբագետ Սարգիս Գիրգորյանը:

Ըստ բանախոսի՝ կանխատեսելի էր, որ ինչ-որ փուլից հետո սրացումները կարող են հանգեցնել այդ թվում ռազմական էսկալացիայի: «Այսօր ռեգիոնալ պետությունների միջև կան որոշակի ճամբարային քաղաքական վիճակներ, երբ պետությունների մի մասը մի ճամբարում, մյուս մասը՝ այլ ճամբարում է, սակայն այս առումով ամենից մտահոգիչը Իրաքի հեռանկարն է, քանի որ այն փաստացիորեն կորցնում է իր ինքնիշխանությունը՝  վերածվելով կողմերի մրցակցության թատերաբեմի», - ընդգծել է արաբագետը։ 

Իրանագետ Ահարոն Վարդանյանն էլ հավելել է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը նաև խորհրդանշական առումով մեծ հարված էր Իրանին, քանի որ նա մի մարդ էր, որն  իր ամբողջ կյանքի ընթացքում ծառայել է երկրի հզորացմանն ու Թեհրանի  ռեգիոնալ  դիրքերի ամրապնդմանը: Իրանագետն այս կոնտեքսում կարևորել հատկապես Թուրքիայի՝ Իրանին ուղղված աջակցության հայտարարությունները, որոնց ներքին տողատակը Թեհրանում շատ հստակ հասկացել են՝ Թուրքիան շահագրգիռ է էսկալացիայի սրման հարցում, քանզի ցանկանում է, որ Իրանը հարվածի տակ հայտնվի՝ դրանով թուլացնելով վերջինիս ռեգիոնալ  ազդեցությունը: Իրանագետը նաև հավելել է, որ ռազմական գործողությունների դեպքում Իրանի հյուսիսաբնակ թուրքախոս զանգվածը կարող է դուրս գալ վերահսկողությունից, ինչը անկայուն իրավիճակ կստեղծի Հայաստանի հարավային սահմաններում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։