Նորածնի անունը բժիշկները Գարեգին են դրել, դին վերացրել․ որդեգրման գործով ևս մեկ տուժած կա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

 

Նորածին
24News-ի հետ կապ է հաստատել քաղաքացի Էմիլ Այվազյանը և պատմել, որ ինքն ու իր ընտանիքը ևս կարող են լինել Հանրապետական հիվանդանոցի երեխաների առքուվաճառքի զոհերից մեկը։

Էմիլ Այվազյանը պատմում է, որ իր երեխան ծնվել է Հանրապետական հիվանդանոցում 2012 թվականի մայիսի 31-ին, սակայն մի քանի օր անց՝ 2012 թվականի հունիսի 8-ին, մահացել է։ Ըստ մահվան վկայականի՝ մահը գրանցվել է ներարգանդային երկկողմանի թոքաբորբի պատճառով։

«Սիրտս վկայում է, որ ողջ է, մահացած չի երեխաս, որովհետև առողջ երեխա էր», - 24News-ի հետ զրույցում ասաց Էմիլ Այվազյանը։ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու պատճառով նա չի տեսել երեխային, սակայն պնդում է, որ կինը 7 օր կերակրել է նրան, ավելին՝ բժիշկները կնոջը հավաստիացրել են, որ երեխան լավ է, իսկ 8-րդ օրն ասել են՝ մահացել է։ Էմիլ Այվազյանի կինը՝ Դիաննա Նորիջանյանը, այդպես էլ չի տեսել երեխայի մարմինը։

Աներորդուն որպես նորածնի մահվան պատճառ նշել են սրտի քաղցկեղը, մինչդեռ զոքանչին այլ պատճառաբանություն են ներկայացրել, կնոջը՝ մեկ այլ։

Կասկածելի ևս մեկ փաստ կա․ Էմիլ Այվազյանի պնդմամբ՝ հիվանդանոցում երեխայի անունը Գարեգին են դրել, մինչդեռ անունն ընտրելիս իրենցից ոչ մի համաձայնությունը չեն ստացել։ 

Հանրապետական ծննդատան աղմկահարույց քրգործի մասին լսելուց հետո Էմիլ Այվազյանը 2019 թվականի դեկտեմբերի 25-ին դիմել է Քննչական կոմիտե․ գործով զբաղվում է փաստաբան Սուսաննա Սարգսյանը։

Ըստ փաստաբանի՝ գործը նախաքննության փուլում է, դեռևս տվյալներ չկան, որպեսզի տուժողներ ներգրավվեն, կոնկրետ դրվագով քրեական գործ չի հարուցվել։ Փաստաբանը, նախաքննական գաղտնիքից ելնելով, չհայտնեց, թե գործի շրջանակում քանի՞ հոգի է հարցաքննվել։

Անդրադառնալով նորածնի անվան ընտրությանը՝ փաստաբանը նշեց, որ երեխային անվանակոչելու մասին օրենքով սահմանված կետ չկա, և սա հենց օրենքի բացերից մեկն է, բայց ամեն դեպքում անունը որոշելիս բժիշկները պետք է ծնողներին տեղյակ պահեին։

«Դեպքեր են լինում, երբ երեխան մահանում է, բժիշկները հարցնում են ծնողներին՝ ի՞նչ անուն էին նպատակադրված տալ երեխային, այդպես էլ անվանում են։ Բայց կան բժիշկներ, որոնք իրենց ուզած անունը դրել են, շատ դեպքերում մոր ազգանունը և կամայական հայրանուն են գրել․ սա նորմալ չեմ համարում», - այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց փաստաբան Սուսաննա Սարգսյանը։

Տվյալ գործում կասկած հարուցողը, ըստ փաստաբանի, այն է, որ նորածնին մահից հետո նախ դիահերձել են, հետո նոր միայն բժիշկները տեղեկացրել են, որ երեխան մահացել է։ Սա, ըստ փաստաբանի, շատ տարօրինակ է։

«Բժիշկները Դիաննա Նորինջանյանի մորն ասել են՝ երեխան մահացել է լյարդի խնդրի պատճառով, իսկ մահվան վկայականում լրիվ այլ պատճառ է գրված։ Այս հանգամանքն արդեն կասկած է հարուցում», - նկատեց փաստաբան Սուսաննա Սարգսյանը, ապա նաև տեղեկացրեց, որ Հանրապետական հիվանդանոցի արխիվից չեն կարողանում վերցնել երեխայի մոր պատմագիրը․ դա Քննչական կոմիտեն պետք է վերցնի։

Հարցին՝ արդյոք բժիշկն իրավունք ունի՞ մահացած երեխայի մարմինը ցույց չտալ ծնողներին, փաստաբանը պատասխանեց․ «2019 թվականից է այս հարցը կարգավորվել, որով ծնողի գրավոր համաձայնությունը պետք է լինի, որ երեխայի մարմինը ոչնչացվի և այլն։ Մորը երեխայի մարմինը ցույց չտալը պարզաբանել են նրանով, որ իբրև թե սթրեսի չեն ուզում ենթարկել, ոչ մի օրենքի հղում չի ներկայացվել, իսկ օրենքում նման կետ չկա։

Մեկ այլ պարզաբանում էլ կա, որը շահարկվում է, ըստ որի՝ եթե երեխան ծնվել և մահացել է, անուն չի ունեցել, հետևաբար նաև գերեզման չէր կարող ունենալ։ Բայց ունենք փաստ, որ եթե երեխայի ծննդյան ակտը գրանցվել է, և անուն է տրվել, կարող էր նաև գերեզման ունենալ, այսինքն՝ այն պնդումը, որ իրենք իրավունք չունեին երեխային հողին հանձնելու, իրականությանը չի համապատասխանում, որովհետև որևէ պետական մարմնի որոշմամբ չկա արգելք, որ մարդը չի կարող իր մահացած երեխային ընտանեկան գերեզմանոցում հուղարկավորել»։

Փաստաբանը նաև նշեց, որ բժիշկները դեռ չեն պարզաբանել երեխայի մահվան պատճառների անհամապատասխանությունը, միայն նշել են, որ երբ երեխան ծնվում է, ծնունդն ու մահը գրանցվում է բժշկական տեղեկանքի հիման վրա, այսինքն՝ պարտադիր չէ, որ որևէ բժիշկ ծնողի հետ գնա թաղման բյուրո։

«Բայց այս դեպքում ոչ թե բժշկական փաստաթուղթ են տվել, որ մահը գրանցեն, այլ բժիշկն ինքն է իրենց հետ գնացել, որ գրանցեն։ Թե որն է եղել բժշկի՝ գնալու պատճառը, արդեն անհասկանալի է։ Հնարավոր է՝ ծնողին լրացուցիչ ինֆորմացիա չտալու համար է այդպես արվել», - նկատեց փաստաբանը։

Նշենք նաև, որ Հանրապետական հիվանդանոցում ծննդաբերած ծնողների քրգործերի պատճառով բժշկական փաստաթղթերն առգրավված կամ պլոմբված են, գործի վերաբերյալ այլ մանրամասներ մեզ չհաջողվեց պարզել։

 

Օտարերկրացիների կողմից հայ երեխաների ապօրինի որդեգրումների քրգործով մեղադրվում է Հանրապետական ծննդատան տնօրենը՝ 2 և ավելի երխաներին ծնողներից ապօրինի բաժանելու կամ փոխելու (ՔO 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետ), առանձնապես խոշոր չափով կաշառք տալու (200-րդ հոդվածի 3-րդ կետ) հոդվածներով։

Նույն քրգործով մեղադրանք է առաջադրվել ևս 4 անձի՝ Հանրապետական ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին, քաղաքացիներ Դ. Գրիգորյանին և Ա. Գարսանցյանին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Աբրահամյանը, Ջերջերյանը և Կարապետյանը ազատ են արձակվել։

Սոնա Գրիգորյան