Մեծ Բրիտանիայի և ԵՄ երկրների 32 քաղաքացի տարհանվել է «Diamond Princess» զբոսանավից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

նավ

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Բրիտանիայի ԱԳՆ-ին, հայտնում է, որ Մեծ Բրիտանիան իր և եվրոպական երկրների 32 քաղաքացու տարհանել է Ճապոնիայի Յոկոգամա նավահանգստում կայանած «Diamond Princess» զբոսանավից: Ինքնաթիռը, որի մեջ գտնվել են բրիտանացի և եվրոպացի զբոսաշրջիկները, Ճապոնիայից մեկնել է փետրվարի 21-ի երեկոյան, իսկ Միացյալ Թագավորությունում վայրէջք է կատարել շաբաթ օրը:

«Բրիտանիան «Diamond Princess» զբոսանավից տուն է հասցրել իր և Եվրոպայի երկրների 32 քաղաքացիներին: Շնորհակալություն մեր գործընկերներին և բժիշկներին, որոնք ուղեկցել են նրանց թռիչքի ընթացքում»,- «Թվիթեր»-յան միկրոբլոգում գրել է Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը:

Աղբյուրը նաև նշում է, որ զբոսանավից տուն է վերադարձել նաև Հունաստանի 2 քաղաքացի: Այժմ զբոսանավի վրա գտնվում է շուրջ 2 հազար հոգի:

Հիշեցնենք, որ Ճապոնիայի իշխանությունը 2 շաբաթով կարանտին էր հայտարարել 3711 ուղևորից բաղկացած «Diamond Princess» զբոսանավում այն պատճառով, որ նրանց կազմում եղել է Չինաստանի 1 քաղաքացի, որը հիվանդացել էր Չինաստանում մոլեգնած վարակով: Ճապոնիայում նոր տեսակի կորոնավիրուս հայտնաբերվել է 728 մարդու մոտ: Հինգշաբթի օրը հայտարարվել է կորոնավիրուսից 2 հոգու մահվան մասին, որոնք վիրուսով վարակվել են զբոսանավում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս