Կորոնավիրուսով հիվանդը Էջմիածնում նշանդրեքի է մասնակցել․ քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

 

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Էջմիածնում կորոնավիրուսով վարակման 1 դեպք է գրանցվել։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացիներ Էջմիածնում հարսանիքի են մասնակցել և տեղից հոսպիտալացվել, Դիանա Գասպարյանը նշել է, որ հայտարարությունը ծայրից ծայր սուտ է։

«Տվյալ վարակակիրը կիրակի մասնակցել է նշանդրեքի։ Երեկ երեոյան նրա հետ շփման անձանց շրջանակը ճշտվել է և փոխանցվել ԱՆ-ին։ Վերջինս զտել է այն անձանց ցուցակը, որոնք սերտ շփում են ունեցել վարակակրի հետ, և մեկուսացրել»,-ասել է քաղաքապետը և նշել, որ դեռ չի կարող հայտնել, թե որտեղ են մեկուսացված։ Ըստ Դիանա Գասպարյանի՝ նրանք թեստավորում ու ջերմաչափում կանցնեն։

կորոնավիրուս

Քաղաքապետը անդրադարձել է նաև Էջմիածնում շտապօգնության ու ոստիկանական մեքենաների քանակի աճին։

«Շտապօգնության ու ոստիկանության մեքենաները չեն ժամանել վատացած հիվանդներին տեղափոխելու կամ որևէ մեկի ինքնազգացողությունը վատանալու պատճառով։ Այս միջոցառումները անում են սերտ շփում ունեցող շրջանակի մարդկանց մեկուսացնելու համար»,-ասել է Դիանա Գասպարյանը և տեղեկացրել, որ վարակակիրն այս պահին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում․ նրա վիճակը ծանր չէ։

Քաղաքապետը նաև հորդորել է վստահել իշխանությանը և հավաստիացրել, որ խնդրի լուծմամբ զբավղում են պրոֆեսիոնալները։ Նա նաև նշել է, որ դպրոցները չեն փակվելու, իսկ մանկապարտեզներում հատուկ միջոցներ կձեռնարկվեն վարակի դեմ պայքարի համար։

Դիանա Գասպարյանը նաև հայտարարել է, որ մարտի 12-ին նշանակված քաղաքացիների ընդունելությունը չի չեղարկելու։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։