Ինչո՞ւ տրանսպորտի գումար չի տրամադրվել Թովմաս Պողոսյանին․ Մակունցը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 9, 24News

Thumbnail

«Աշխատանքային 2 օրվա ընթացքում տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել համերգի ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ»: Նման գրառում է արել իր ֆեսյբուքյան էջում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, ըստ որի՝ Թովմաս Պողոսյանը դիմել է նախարարություն՝ խնդրելով, որ բարեգործական համերգներով Արցախ մեկնելու համար իրեն ավտոբուսի գումար տրամադրեն։ «Հարգելի՛ս, Դուք ուշ եք դիմել»,-ասել են նախարարությունից։ Լիլիթ Մակունցը միջադեպի հետ կապված պարզաբանում է տարածել, որում ասված է․

«Պաշտոնապես հայտնում եմ, որ պարոն Թովմաս Պողոսյանը բարեգործական համերգի ֆինանսական աջակցության դիմումը նախարարություն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին՝ առավոտյան 10:03-ին: Նույն օրը՝ 10:23-ին, դիմումը մակագրվել է համապատասխան վարչություն և գործին տրվել է ընթացք: Նշեմ, որ սեպտեմբերի 13-ը հինգշաբթի էր, իսկ համերգը նախատեսված է եղել անցկացնել երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, Արցախի Հանրապետությունում: Չնայած այն հանգամանքին, որ կայացվել է դրական որոշում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին, այդ կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ:

Միջոցառումն անցկացնելուց հետո հնարավոր չէր կատարել փոխանցումը, քանի որ այն այդ պարագայում համարվում է փոխհատուցում, այլ ոչ՝ աջակցություն, ինչը նախարարության համար գրանցվում է որպես ֆինանսական խախտում՝ իր հետևանքներով: Պարոն Պողոսյանն այդ մասին տեղեկացվել է գրավոր:

Առիթն օգտագործելով՝ խնդրում եմ, որպեսզի աջակցություն ցուցաբերելու դիմումները նախարարություն ներկայացվեն նախատեսվող միջոցառումից առնվազն 2 շաբաթ շուտ:

Հերքում եմ նաև այն պնդումը, որ «արգելված է» նախարարություն մուտք գործելը կամ նախարարի հետ հանդիպելը: Նման բան գոյություն չունի և չի էլ կարող ունենալ»,-ասված է տարածված հաղորդագրչությունում: