ԲՀԿ-ականները բոյկոտեցին ԱԺ նիստը և լքեցին դահլիճը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 17, 24News

ԱԺ հերթական նիստի մեկնարկին Արման Աբովյանն ընդհատեց ԱԺ ամբիոնի մոտից ելույթ ունեցողին և ի դեմս ԲՀԿ խմբակցության՝ հայտարարեց, որ լքում են դահլիճը:

«Ես ցավում եմ, որ մեծամասնությունը, որն իշխանության եկավ ժողովրդական արժեքները վերականգնելու, Հայաստանում մարդու խոսքի կարծիքը հարգելու կարգախոսով, փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին:

Սա ճանապարհ չէ, սա Հայաստանը դեպի վերջնական փակուղի տանող ճանապարհ է: Մեկ բան կարող եմ ասել խորհրդարանական մեծամասնությանը, որոնցից շատերին շատ լավ ճանաչում եմ: Վստահաբար դեմ եք եղել ձեզ պարտադրված այս անօրինական քվեարկությանը: Սակայն մեկ բան հիշե՛ք. Հայաստանը բռնապետություն դառնալու ռեսուրս չունի: Մենք պայքարելու ենք Հայաստանում իրական ժողովրդավարական արժեքների, յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական, տեսական, քաղաքական իրավունքների համար:

Երեկ ձեր բոլորի և գլխավոր դատախազի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցածն այս դահլիճում ոչ այլ ինչ է, քան քաղաքական հաշվեհարդար ձեր կարծիքի հետ քաղաքական անհամաձայնություն հայտնած ուժի և նրա ղեկավարի հանդեպ»,-ասել է Աբովյանը և հավելել, որ միջազգային կառույցները հետևում են Գագիկ Ծառոկյանի հանդեպ ընթացող «ռեպրեսիվ» գործընթացներին:

«Հաշվի առնելով երեկվա քաղաքկան և իրավական բեսպրեդելը, ԲՀԿ-ն բոյկոտում է նիստը, և հենց հիմա մենք լքում ենք նիստերի դահլիճը»,-ասել է նա:

--00—ԼՄ