Առեղծվածային դեպք՝ Արմավիրում․ գիշերը սուր էկզոգեն թունավորումից քաղաքացիներ են մահացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

թունավորում

Օգոստոսի 31-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ալկոհոլային ինտոկսիկացիա» ախտորոշմամբ շտապ օգնության մեքենայով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Արմավիր քաղաքի բանկիչներ՝ 54-ամյա Ալեքսան Ասատրյանը, 53-ամյա Գագիկ Սարգսյանը, 61-ամյա Գագիկ Նիկոլյանը և 58-ամյա Մովսես Հարությունյանը։ Հիվանդանցում Ա․ Ասատրյանն ու Գ․ Սարգսյանը մահացել են։ Իսկ Գ․ Նիկոլյանն ու Մ․ Հարությունյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 01։ 00-ի սահմանում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացել, որ «սուր էկզոգեն թունավորում, հիպորլեմիկ շոկ» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս անգամ Արմավիրի ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը մեկնում է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ պարզում է, որ տեղափոխվածը Արմավիր քաղաքի բնակիչ 69-ամյա Ռուբիկ Զաքարյանն է, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Ժամը 01։50-ի սահմանում, դարձյալ «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվում, որ «սուր ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են ընդունվել 2 քաղաքացի։ Արմավիրի ոստիկանները պարզում են, որ տեղափոխվածներն են Արմավիր քաղաքի բնակիչներ, 55-ամյա Ռաֆիկ Բաղդասարյանն է և 47-ամյա Համլետ Ամիրխանյանը։ Վերջիներս նույնպես գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Ժամը 02։45-ի սահմանում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազնագ է ստացվել, որ «սուր ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել ևս 2 քաղաքացի և 1 քաղաքացու դի։ Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը, մեկնելով «Արմենիա» բժշկական կենտրոն, պարզել են, որ նրանք են՝ Գագիկ Նիկոլյանը, ում բնակության վայրն ու ծննդյան թիվը պարզվում է, և 61-ամյա Մաթևոս Սարգսյանը, իսկ մահացածը Մովսես Հարությունյանն էր, ում բնակության վայրն ու հասցեն ճշտվում է։

Ժամը 05։20-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Հ․ Ամիրխանյանը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, և ըստ տեղեկությունների՝ այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Ըստ աղբյուրիր՝ կան կասկածներ, որ մահացածներն ու հիվանդանոցում գտնվողները թունավորվել են ոգելից խմիչքից։

--00—ԼՄ