Բռնությունները Բելառուսում ուժգնանում են, Լուկաշենկոյի շուրջ օղակը`սեղմվում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News    

Բելառուս

Այսօր, երբ Բելառուսի նախագահի շուրջ օղակը շարունակում է սեղմվել, Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի է կորցնում իրականության հետ կապը: Այսպես են կարծում մեծաթիվ վերլուծաբաններ, որոնք ցուցարարների դեմ անխնա ու դաժան վերաբերմունքը բացատրում են Լուկաշենկոյի այս վիճակով: Այս մասին գրել է Ամերիկայի ձայնը։
 

Երկիրը 26 տարի ղեկավարած նախկին կոլտնտեսային ֆերմայի նախագահը չի համակերպվում այն մտքի հետ, որ կարող է գահընկեց լինել, իր խոսքերով ասած, ‘’ինչ որ թափթփուկների’’ պահանջով: Իսկ երբ երկրի նախագահը սկսում է արհամարհել իր իսկ ժողովրդվին, նշանակում է մոտենում է նրա անկման պահը, ասում են փորձագետները ու նաեւ դրանով բացատրում այստեղ ոստիկանության կողմից բռնությունների աճը: Երբ ցուցարարներին ստիպում են հանել ներքնազգեստները ու սպառնում ոստիկանական փայտով ենթարկել սեռական անարգանքների, ու երբ տվյալ անձինք մեկ շաբաթ անցկացնում են Մինսկի շտապ օգնության հիվանդանոցում, ուրեմն զայրույթը մարել հազիվ թե լինի հնարավոր: Հիվանդանոցը հրաժարվում է մեկնաբանություններ անելուց: Իսկ հետաքննությամբ զբաղվող մարմինները սովորաբար անտեսում են մարդկանց ներկայացրած բողոքները:

‘’Գարուն’’ մարդու իրավունքների պաշտպան խմբի փոխնախագահ Վալենտին Ստեֆանովիչն ասում է, որ իր խումբն օգոստոսի 9-ից հետո ընկած ժամանակահատվածում արձանագրել է ոստիկանության կողմից ծայրահեղ տանջամիջոցներ կիրառելու 500 դեպք:

Իսկ Բելառուսի ներքին գործերի նախարարությունն ու հետաքննության կոմիտեն որեւէ կերպ չեն արձագանքում բացատրություններ տալու մասին մամլո ծառայությունների դիմումներին: Պարզապես տեղեկացրել են, որ իրենք չունեն ոստիկանության կողմից տանջամիջոցներ կիրառելու հարցով որեւէ ոստիկանի դեմ գործ հարուցելու համար որեւէ փաստ:

ՄԱԿ-ը տեղեկացրել է, որ տանջամիջոցներ կիրառելու հարցով ստացել է հարյուրավոր բողոքներ, եւ կոչ է անում իշխանություններին դադարեցնել բռնությունները: Իսկ ահա ներքին գործերի նախարար Յուրի Կարաեւը կիրակի օրը հայտարարում էր, թե անվտանգության ուժերի 30 ծառայողներ լուրջ վնասվածքներով գտնվում են հիվանդանոցում: Երկրի նախագահն էլ գովեստի խոսքեր է շռայլում ոստիկանների հասցեին եւ իրավապահ մարմինների մոտ 300 աշխատակիցների շնորհում մեդալներով: