Վրաստանի տարածքով Ադրբեջան զինյալներ չեն տեղափոխվելու. դեսպանությունը հերքում է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

Վրաստան

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.

«Հարգելի հայրենակիցներ,

Կրկին համացանցում շատ ակտիվ կերպով ապատեղեկատվություն է տարածվում, որ ավտոբուսներով Վրաստանի տարածքով պատրաստվում են զինյալներ տեղափոխել Ադրբեջան և ջավախահայերին կոչ է արվում փակել վրաց-թուրքական բոլոր անցակետերը։

Հայտնում ենք, որ վերոնշյալ տեղեկատվությունն ամբողջովին կեղծ է և միտում ունի լարվածություն ստեղծել ջավախահայության շրջանում և հայ-վրացական հարաբերություններում։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը կրկին հորդորում է զերծ մնալ նմանօրինակ կեղծ լուրեր տարածելուց, որոնք հատկապես այս ժամանակահատվածում խիստ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ»։

--00--ԱԹ