Նրանք, որ այսօր դավաճան են փնտրում, թող ներկայացնեն իրենց մասնակցությունը․ ԱՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News

Առաջին անգամ ահազանգել եմ հոկտեմբերի 3-ին, երբ հակառակորդը գրավել էր Մատաղիսը և Թալիշը, վտանգված էր մեր հյուսիսային ամբողջ հատվածը, երբ Եղնիկներ կոչեցյալ տեղամասից մեր զորքի մի մասը խուճապահար փախչում էր, չունեինք մարդկային ռեսուրսներ, որպեսզի գոնե Եղնիկներում գտնվող մեր տղաների թիկունքը պահեինք, այդ օրը վաղ առավոտյան ես կոչ եմ արել և ասել՝ գնում եմ առաջնագիծ։ Ինձ համար այդ օրը պարզ էր, որ զորքի մի մասը խուճապահար էր, ոչ թե ՊԲ-ի, ԶՈՒ-ի, այլ առաջնագծում եղած զորքի, տարբեր կամավորականների և այլն։ Այս մասին արցախահայությանն ուղղված ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Երբ հատուկ ստորաբաժանումների հետ պիտի գնայինք, Հայաստանից եկած ԱԱԾ-ի մեր ամենաուժեղ ստորաբաժանումները հրաժարվում էին գնալ Եղնիկներ։ Խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ ես եմ գնալու ձեր առջևից, ստացել եմ բացասական պատասխան, չեն եկել, թողել են երկրի նախագահին մենակ՝ առաջնագիծ գնալու ժամանակ։ Այսօր սրա մասին ստիպված եմ արտահայտվել, կհարցնեք ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին՝ ինչպես են մերժել խնդրանքս, աղաչել եմ, պաղատել եմ՝ գնում ենք առաջնագիծ, որովհետև առաջնային մասում գտնվող զորքի թիկունքը բաց էր։ Շատ քիչ զորք միացավ ինձ, մենք կարողացանք կատարել խնդիրը և դրա շնորհիվ Եղնիկներն ամբողջովին մեր վերահսկողության տակ է»,- ասաց նա։

Հարությունյանը շեշտեց նաև, որ ամեն անգամ զգուշացնում էր մարդկային ռեսուրսների կարիքի մասին․

«18 տարեկաններին, զորքին թողել ենք մենակ, կամավորական ջոկատներ կային։ Մի մասը բարեխղճորեն կատարել է իր առջև դրված խնդիրը, մի մասը նույնիսկ մի օր չի մնացել։ Պահեստազորից համալրված ստորաբաժանումներ եկել են, մի մասը մի քանի ժամ, մի մասը մի քանի օր է մնացել։

Նա նշեց, որ գնդապետ Գրիգորի Սահակյանը, որը պետք է ուղեկցեր ՀՀ-ից ժամանած երկու գումարտակ, զեկուցել է, որ հրաժարվում են Շուշիի պաշտպանմանը և պլանավորած կարևոր օպերացիա ունեինք, այդ օպերացիային մասնակցելուց։

«Չհասած դիրքեր հրաժարվում են։ Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր 18-20 տարեկան երեխաներին, մեր բալիկներին, բոլորս միասին ենք դավաճանել, դավաճան չփնտրեք»։

Անդրադառնալով դավաճանության մեղադրանքներին՝ Արցախի նախագահը նշեց՝ այն քաղաքական գործիչները, որոնք այսօր փորձում են դավաճաններ փնտրել, հատ-հատ թող ներկայացնեն իրենց տղաներին, իրենց եղբայրներին, իրենց մասնակցությունը․

«Նկարվելը չեմ ասում, մասնակցությունն եմ ասում, որտե՞ղ եք եղել, առաջնագծում պետք է լինեիք։ Ո՞ւմ հարցնում ենք, եղել են Օմարում։ Օմարում այո, ծանր ճակապտամարտ ենք ունեցել մի քանի օր, շնորհիվ զինվորների կարճ ժամկետում կարողացել ենք վերականգնել դիրքերը, որևէ մեկը չվերագրի իրեն։ Սելֆի անելով ազգին խաբել ենք։Իսկ ինչու ենք վերջում զինադադար կքնել, ինչու ենք պարտավորված եղել, որովհետև մեր զինվորները շրջափակման վտանգի տակ էին, երբ Ստեփանակերտն արդեն պաշտպանող չուներ, քանի որ զինվորականները գտնվում էին հիմնական առաջնագծում։ Ո՞ւր էին կամավորականները, աշխարհազորը, ո՞ւր էին իմ սիրելի ստեփանակերտցիները, որոնք այսօր փնտրում էին դավաճաններ։ Կային մի քանի հարյուր հոգի։ Վեց հազարից ավելի զորքին մենք դրանո՞վ պիտի դիմակայեինք։ Իսկ Ստեփանակերտը գրավելուց հետո ընդամենը մի քանի կմ-ից շրջափակելու էին մեր ամբողջ զորքը, որոնք գտնվում էին Մարտունիում, Կարմիր շուկայում»։ 

--00—ՄՀ