ՍԴ 3 դատավոր դեմ է քվեարկել արտակարգ ռեժիմի ժամանակ ոչ պաշտոնական կարծիք հայտնելու կետին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նոյեմբերի 20-ին Սահմանադրական դատարանը կայացրել է աշխատակարգային որոշում, որով կասեցրել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1 և 9.2 կետերի գործողությունը՝ մինչև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործի դատաքննության ավարտը։

Հաշվի առնելով որոշման կարևորությունը ազատ խոսքի իրավունքի տեսանկյունից, հատկապես՝ հետպատերազմյան ժամանակաշրջանում, ինչու ոչ՝ նաև դրա սիմվոլիկ նշանակությունը, անչափ հետաքրքրական է դառնում այն հանգամանքը, թե կոնկրետ որ դատավորներն են կողմ քվեարկել, իսկ որոնք՝ դեմ։ 

Պարզվում է կասեցմանը կողմ քվեարկած դատավորներն են Թովմասյանը, Պետրոսյանը, Խաչատրյանը, Շաթիրյանը, Թունյանը, Խունդկարյանը, իսկ կասեցմանը դեմ են քվեարկել՝ իշխանությունների սրտի ՍԴ նախագահներ Վահե Գրիգորյանը, Արման Դիլանյանը, ինչպես նաև Վաղարշյանը։

Այսպիսով, կարելի է փաստել, որ իշխանությունները չեն սխալվել իրենց սրտի վնգստացող ՍԴ նախագահի հարցում, պարզապես լավ չեն հաշվարկել այդ անձի կշիռն ու հեղինակությունը դատարանի ներսում, որոշ դատավորների սկզբունքայնությունը, որպիսի հանգամանքների համակցության պայմաններում ընդհանրական առումով կարելի է փաստել, որ ունենք չվնգստացող Սահմանադրական դատարան։

Մնում է հավելել միայն, որ դատական իշխանության նման անկախ և խիզախ գործելաոճը «հանրաքվեին՝ այո» ասող անձանց կատիպի վերաարժևորել սեփական պատկերացումները պետության և անկախ դատական իշխանության նկատմամբ»,- գրել է նա։

--00—ԼՄ