ՀՀ կողմից Մհեր Գրիգորյանը կգլխավորի Ադրբեջանի և ՌԴ-ի հետ ստեղծվող աշխատանքային խումբը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 12, 24News

քաղաքական

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվող աշխատանքային խումբը հայկական կողմից կգլխավորի Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այդ մասին 24News-ին ասաց փոխվարչապետի օգնական Անի Բաբայանը։

«Դեռ հայտնի չէ, թե աշխատանքային խմբում էլ ովքեր ներգրավված կլինեն, դա հասկանալու համար պետք է անցնի որոշակի ժամանակահատված», - հավելել է Մհեր Գրիգորյանի օգնականը։ 

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Դրանում նշված է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով կողմերն աջակցում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի առաջարկը: Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ. հունվարի 30-ը:

--0--ԿԿ