«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն է տարածվել. ՀՔԱՎ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

1

ՀՀ Ոստիկանությունը մշակել եւ 2020 թվականի հունիսի 30-ին հանրային քննարկման է դրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը խտրական իրավակարգավորումներ է ներառում։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Նախագծով սահմանվում է պետական տուրքի այլ՝ առավել բարձր դրույքաչափ՝ նույնականացման քարտ չունենալու կամ դրանից հրաժարված լինելու դեպքում անձնագիր ստանալու համար։ Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ պետական տուրքը սահմանվել է՝ «1.3 Նույնականացման քարտ չունենալու եւ այն ստանալուց հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար՝   բազային տուրքի 8-ապատիկի չափով։ Մինչդեռ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի չափով։

Նախագծով սահմանված կարգավորումները խտրական են, քանի որ չկա պետական տուրքի տարբերակման օբյեկտիվ հիմք՝ անձնագիր ստացող նույնականացման քարտ ունեցող եւ չունեցող անձանց միջեւ։ Բացի դրանից՝ հաշվի առնված չէ նաեւ այն հանգամանքը, որ որոշակի քաղաքացիների համար, որոնք իրենց կրոնական համոզմունքներից ելնելով ի վիճակի չեն կատարելու մատնադրոշմներ հանձնելու վերաբերյալ օրենքի պահանջը, քանի որ կրոնական համոզմունքներ ունեցող անձանց համար այդ պարտականության կատարումը անհնարին է, սահմանված չեն իրավական այլընտրանքային պայմաններ․ այդ անձինք զրկած են նույնականացման քարտ ստանալու իրավունքի իրացման, հետեւաբար` նաեւ իրավահարաբերություններին լիարժեք մասնակցելու հնարավորությունից:

 «Խտրականությունը էապես նման իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ տարբեր վերաբերմունքի դրսեւորում է՝ առանց որեւէ օբյեկտիվ հիմքերի եւ որեւէ ողջամիտ բացատրության»։

Սահմանադրական դատարանն իր` 2015 թ. հուլիսի 7-ի ՍԴՈ-1224 որոշման մեջ նշել է, որ՝ «…խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ»: 

Այսպիով՝ նույնականացման քարտ չունենալու հիմքով այդպիսի անձանց նկատմամբ պետական տուրքի բարձր դրույքաչափի սահմանումը խտրական է, քանի որ նույնականացման քարտ ունեցող եւ չունեցող անձանց կարգավիճակների միջեւ չկա որեւէ տարբերություն, որը կարող է անհավասար մոտեցում ցուցաբերելու արդարացված դրդապատճառ եւ օբյեկտիվ հիմք հանդիսանալ անձնագիր ստանալիս այդ անձանց նկատմամբ պետական տուրքի բարձր դրույքաչափ հաշվարկելիս եւ գանձելիս։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է դիրքորոշում եւ առաջարկել․ 

♦2020 թվականի հունիսի 30-ին հանրային քննարկման դրված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հանել շրջանառությունից՝ խտրական լինելու հիմքով։

♦«Պետական տուրքի մասին» օրենքում սահմանել պետական տուրքի հաշվարկման եւ գանձման (պետական տուրքի համակարգի) սկզբունքները՝ ի թիվս այլնի՝ ներառելով նաեւ խտրականության բացակայության եւ իրավահավասարության սկզբունքները։

Դիրքորոշմանը կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

--00—ԼՄ