2020 թ. ՀՀ հարկային մարմինները պետական բյուջե են վերականգնել 7 միլիարդ դրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

ՊԵԿ

Հայաստանի հարկային մարմինները 2020 թվականին պետական բյուջե են վերականգնել 7 միլիարդ, իսկ 2019-ին՝ շուրջ 6 միլիարդ դրամ. 2020-ին աճը կազմել է 2.1 տոկոս: Այս մասին հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական ​​եկամուտների կոմիտեի քննչական և օպերատիվ-որոնողական վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը:

Վերջինս նշեց, որ աշխատանքները շարունակվում են, միջոցներ են ձեռնարկվում, որ պետությանը պատճառված վնասի չվերականգնված մասը նույնպես վերականգնվի: Չարխիֆալակյանը հայտնեց, որ հետագայում հնարավոր է քրգործերի քննության արդյունքում չհիմնավորվի նշված գումարը, քրգործը սկզբնական փուլ է, որը միանշանակ պահպանում են:

2020 թ. հարուցվել է 622 քրեական գործ, որոնցով պետությանը պատճառած վնասի չափը շուրջ 21 մլրդ. դրամ է: Քրեական գործերից 265-ը հարուցվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության մասով: 2020 թ. հարուցված քրգործերի քանակն աճել է շուրջ 70 տոկոսով: 

ՊԵԿ պաշտոնյան տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում նաեւ ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքների գների և Հայաստանում դրանց վաճառքի վերաբերյալ տվյալների հավաստիության ստուգման ուղղությամբ: Գերատեսչությունը հատուկ ուշադրություն է դարձնում ոլորտային վերահսկողությանը, այդ թվում`  շինարարության, առեւտրի, օգտակար հանածոների շահագործման ոլորտներում: 2020 թվականին ոլորտային վերահսկողության նոր ուղղություններ են դարձել օդային փոխադրումները և ՏՏ ոլորտը:

--00--ԱԹ