2019-ին Արոնյանին տրամադրվել է 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ.ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Արոնյան

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2019 թվականի մայիսին դիմել է ՀՀ կառավարությանն ու Կառավարության պահուստային ֆոնդից մեկ տարվա համար Լևոն Արոնյանին տրամադրվել է 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ նախատեսված համակարգչի և որոշ այլ ծախսերի համար: Այս մասին Factor.am-ը տեղեկացել է 2019-ի բյուջեի կատարողականից:

ՀՀ կառավարության՝ ՀՀ Սպորտի և երիասարդության հարցերի նախարարությանը գումար հատկացնելու, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-Ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2019 թվականի մայիսի 3-ին ընդունած որոշման մեջ էլ մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. 2019 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի նախապատրաստման և մասնակցության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2019 թվականին հատկացնել 133 200,0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից առաջին կիսամյակում՝ 66 600.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ ինն ամսում՝ 99 900.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)»:

Հիշեցնենք՝ մամուլում երեկվանից տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ հայ առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո և պատրաստվում է մշտական բնակության մեկնել ԱՄՆ՝ հանդես գալով այդ երկրի դրոշի ներքո: Նշվում էր, որ այս որոշումը կապված է Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալու առաջին ամիսներին տված խոստումը չկատարելու հետ:

«Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը խոստացել էր, որ կլուծի գերհզոր համակարգչի ձեռքբերման և անձնական մարզչի ֆինանասավորման հարցը, որպեսզի շախմատիստը կարողանա լիարժեք պատրաստվել աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարին, բայց խոստումը չի կատարել»,- ասվում էր մամուլի հրապարակումներում:

--00--ԱՀ