Արդարադատության տղան մտքեր է երկնել ԳՇ պետի թեմայով․ Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

արփինե

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով արդարադատության ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանի՝ ԳՇ պետին պաշտոնական անելու հետ կապված իրավական գործընթացի պարզաբանմանը։

«Արդարադատության տղան մտքեր է երկնել ԳՇ պետի թեմայով: Մի քանի դիտարկում-խորհուրդ․

1. Մի՛ փորձիր մանուպուլացնել․ նախ այս հարցով ավարտված իրավահարաբերություններ դեռևս չկան, քանի որ վարչական ակտի կատարում ենթադրող մի շարք քայլեր պետք է իրականացվեն: Կարդա՛ «Զինծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը: Քո ու շեֆիդ համար անհարմար ու ոչ վերաբերելի օրենք, բայց ԳՇ պետին ուղիղ վերաբերելի: Բացի դրանից՝ եթե անգամ լիներ այլ դեպք ու այլ պաշտոնյա, որի ազատումը ինքնին ավարտեր իրավահարաբերությունը, վարչական դատարան դիմելն ու վարույթ ընդունելը նախատեսված է հենց իրավահարաբերության ավարտի կասեցման համար: Դադարումը կասեցնելու համար:

2. Մեկ-մեկ էլ նեղությո՛ւն կրիր, հիշի՛ր փաստաբան եղած ժամանակներդ, երբ ուղեղդ պղծված չէր դավաճանի քարոզչական թեզերով ու կարդա՝ ի՞նչ է առոչինչ վարչական ակտը ու ի՞նչ կարող է լինել ի սկզբանե առոչինչ վարչական ակտի հետ:

3. Հայրենիքին պարտքդ կատարի՛ր, հետո բերա՛նդ բացիր նրանց հանդեպ, ովքեր իրենց կյանքը նվիրել են բանակին.

4. Կարդացի՞ր: Այ իսկ այժմ մոռացի՛ր, որ ժամանակին որպես փաստաբան մի քանի պատահական հաջողություն ես արձանագրել: Որպես իրավաբան՝ քեզ լուրջ ընդունելու տապանաքարը դրել ես, երբ հանուն դավաճանի դատարանների շրջափակման ակցիան հայտարարեցիր սահմանադրական, երբ անգամ ձեր տերերը տարբեր երկրներից տարակուսած իրար դեմքի էին նայում»,-գրել է Արթինե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարզաբանել է Օնիկ Գասպարյանի ազատման շուրջ ստեղծված իրավական գործընթացը՝ նշելով, որ ՍԴ-ի կողմից կասեցման որոշումը, եթե նման որոշում հնարավոր է պատկերացնել, չի կարող տարածվել արդեն ավարտված հարաբերությունների նկատմամբ, ինչպիսին ԶՈՒ շտաբի պետի ազատումն է: 

--00—ԼՄ