Պետք է թույլ չտանք, որպեսզի մեր հասարակությանը նորից ներքաշեն նախկին-ներկա ծուղակի մեջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

լևոն քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Նախկին vs Նոր, թե՞ սխալ հարցադրում

Արդեն 3 տարի է մեզ հրամցվում է այս օրակարգը: Այս «ընտրությունը» ներդրվել է մեր քաղաքացիների մեծ մասի գիտակցության մեջ:

Երբ քայլողներն եկան իշխանության հենց այս համեմատությունը տանելով էին տենչում վաստակել ժողովրդի սերը, փորձելով ցույց տալ, թե ինչ վատն էին բոլորը մինչև իրենց. նույնիսկ քննադատեցին և սևացրեցին այն քաղաքական թիմին, որի հետ միասին փորձեցին իշխանության գալ 2008-ին:

Ժամանակն անցնում էր, իսկ իրական արդյունք ցույց տալու փոխարեն իշխանությունները համառորեն զբաղված էին ֆեյսբուքային տրամաբանությամբ շոուներ բեմադրելով և մեծ հաշվով մինչ օրս շարունակում են նույնը, նույնիսկ երկիրը ծնկի բերելուց հետո:
Իհարկե այդ ստերի արդյունավետության գործակիցը որևէ կերպ համեմատելի չէ 1 կամ 2 տարի առաջվա գործակցի հետ, սակայն կարծում եմ յուրաքանչյուրդ գիտեք գոնե մեկին, ով ասում է, «թող պարտված կառավարությունը մնա, միայն թե չլինի նախկինը»:

Եվ ուրեմն, ո՞րն է կարծրացած այս մտածելակերպի պատճառը, որն էլ հանդիսանում է ձախողած կառավարության հիմնական խաղաթուղթը և որի վրա, ինչպես տեսնում ենք, հիմնված կլինի նաև նրանց նախընտրական քարոզարշավը(եթե արտահերթ ընտրություններ ի վերջո լինեն):

Այս ամենի համար կան իհարկե օբյեկտիվ պատճառներ. այն է կառավարման մեջ նախկինում եղած թերությունները, որոշ մարդկանց արտոնյալ լինելը, արդարության զգացողության պակասը..., բայց ուսումնասիրելով մարդկանց մեջ արմատավորված այդ զգացողության հիմնական բաղադրիչները, ակնհայտ է դառնում, որ դրա առանցքային պատճառը այնուամենայնիվ 20 տարի և ավել հետևողական տարածված միֆերն են:

Իհարկե շատերի համար այս 3 տարիները դարձան ստերը բացահայտելու տարիներ, բայց դեռևս քիչ չեն նաև նրանք, ովքեր հավատում են տրամաբանությունից և փաստերից զուրկ այդ ծեծված բամբասանքներին:

Անկախ մեր նախատրամադրվածությունից, պետք է թույլ չտանք, որպեսզի մեր հասարակությանը նորից ներքաշեն նախկին-ներկա ծուղակի մեջ:

Հանուն ապագայի, պետք է կատարենք սթափ, ռացիոնալ ու ոչ էմոցիոնալ ընտրություն, և հարցը պետք է կայանա հետևյալում.
ովքե՞ր են անկարողները, ձախողածներն ու ստախոսները, և ովքե՞ր են կարող ուժերը, ընդունակ առաջ տանելու երկիրը՝ հստակ մերժելով նախկին արատավոր երևույթները»:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս