Լենա Նազարյանը Ֆրանկոֆոնիայի առաքելության հետ զրույցում անդրադարձել է գերիների թեմային

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 10,  24News

Նազարյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մայիսի 10-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներ Ժան-Շառլ Լուպերտոյի, Սոֆի Մետի, Աուրորա Մադաուլայի, Ջոշուա Օսիհի, Էմանուել Մորիի ու Ֆատմիր Լեչիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից: Հանդիպմանը մասնակցում էր ՖԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանը:

«Հայաստանը ծանր ու դժվար պատերազմի միջով անցավ: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Ադրբեջանը խախտեց ղարաբաղյան կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային պայմանավորվածությունը»,- նշել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։

ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխանցել է իրենց անկեղծ, ջերմ ու համերաշխ վերաբերմունքը հայերի նկատմամբ: Նա խնդրել է ներկայացնել իրավիճակն արտացոլող փաստերի առաջնահերթությունը՝ գործընկերներին փոխանցելու և համապատասխան բանաձեւ պատրաստելու համար:

Լենա Նազարյանը, ներկայացնելով գործողությունների առաջնահերթությունը, առանձնացրել է ռազմագերիների վերադարձին, Արցախում մշակութային արժեքների պահպանությանը և Արցախի ճակատագրին վերաբերող հարցերը: Այս համատեքստում փոխնախագահը կարեւորել է բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի վերականգնումը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել՝ օժանդակելու բարձրացված հարցերի լուծմանը:

ֆրանկոֆոնիա

--00--ԱԹ