Մայր Աթոռում տեղի ունեցավ «Եկեղեցին և սահմանադրական մշակույթը» խորագրով շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Շնորհանդես

Հուլիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Եկեղեցին և սահմանադրական մշակույթը» խորագրով շնորհանդես։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից: Հընթացս շնորհանդեսի ներկայացվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության կողմից լույս ընծայված «Համաբարբառ Կանոնագիրք Հայոց» ժողովածուն (կազմող՝ Արամ Մարտիրոսյան, պատասխանատու խմբագիր՝ Տ․ Շահե ծ․ վրդ․ Անանյան) և «Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ ժողովրդի հազարամյա տարեգրության ծալքերում» կոլեկտիվ մենագրությունը (Հեղինակներ՝ Ազատ Բոզոյան, Ալեքսան Հակոբյան, Արթուր Վաղարշյան, Արման Եղիազարյան, Արտակ Մովսիսյան, Գագիկ Հարությունյան, Գրիգոր Թանանյան, Հարություն Մարության, Նարինե Միրզոյան, պատասխանատու խմբագիրներ՝ Գագիկ Հարությունյան, Արտակ Մովսիսյան, Տ․ Արարատ քհն․ Պողոսյան, Սարգիս Մելքոնյան):

Շնորհանդեսի բացումն ազդարարեց Մայր Աթոռի Մատենադարանի և հրատարակչության տնօրեն Տ․ Արարատ քահանա Պողոսյանը։ Այնուհետև  շնորհանդեսի մասնակիցներին իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 

Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավորապես նշեց.

«Շնորհանդեսի սիրելի մասնակիցներ,

Ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ աստվածակառույց նվիրական սրբօրրանում մեր ժողովրդի:

Մատենադարանի այս լուսավոր հարկի ներքո համախմբվել ենք Մայր Աթոռում հրատարակված երկու արժեքավոր աշխատությունների՝ «Սահմանադրական մշակույթի արժեբանական սկզբունքները հայ ժողովրդի 1000-ամյա տարեգրության ծալքերում» և «Համաբարբառ կանոնագիրք հայոց» գրքերի շնորհանդեսի ուրախ առիթով, որի համար գոհություն ենք հայտնում Բարձրյալին: Խնամքով և նախանձախնդրությամբ ստեղծված այդ գրքերն այսօր դրված են մեր ժողովրդի սեղանին և հանձնված են հատկապես իրավունքի ու պատմության ոլորտի մասնագետների և հոգևոր ու գիտակրթական լայն շրջանակների ուշադրությանը:

Գրքերի հեղինակները մեր Եկեղեցու արժանավոր զավակներ են, հայրենասեր և մեր երկրին ու ժողովրդին նվիրված անձինք, ովքեր հարուստ վաստակ ունեն գիտության և կրթության բնագավառներում` տարիներ ի վեր դասավանդելով տարբեր բարձրագույն հաստատություններում, նաև` Գևորգյան հոգևոր ճեմարանում: Ուրախ ենք, որ այսօր առիթն ունենք Հայրապետական Մեր օրհնությունը և գնահատանքի խոսքը բերելու ձեզ, մեծարգո հեղինակներ, ինչպես և՝ գրքերի հրատարակման գործում մասնակցություն բերած հոգևորականներիդ ու աշխարhականներիդ։ Այս առիթով Մեր մասնավոր գնահատանքն ենք ցանկանում հայտնել մեծարգո տիար Գագիկ Հարությունյանին «Սահմանադրական մշակույթի արժեբանական սկզբունքները հայ ժողովրդի 1000-ամյա տարեգրության ծալքերում» գրքի նախաձեռնության և հրատարակության պատրաստման համար, ինչպես և մեծարգո տիար Արամ Մարտիրոսյանին «Համաբարբառ կանոնագիրք հայոց»-ի կազմության համար։           

Սիրելիներ, հրատարակված գրքերն իրենց պարունակով վառ վկայություններ են մեր ժողովրդի ստեղծագործ և առաջադեմ մտքի։ Ծավալուն այս աշխատությունները ներկայացնում են հայ իրականության մեջ պատմության հնագույն ժամանակներից ձևավորված օրենսդրական մշակույթը՝ խարսխված մեր ժողովրդի հոգևոր և մտավոր ժառանգության, քրիստոնեական արժեքների ու ավանդույթների վրա։ Ազգային-եկեղեցական մեր կյանքի կանոնակարգման պատմական փորձառությունը, իրավակարգավորման սկզբունքները այսօր պիտի օգնեն առավել ներդաշնակ կազմակերպելու և զորացնելու հոգևոր և պետական մեր կյանքը, առավել դյուրընթաց դարձնելու օրենքի վրա խարսխված մեր հասարակական կյանքի բնականոն զարգացումը: Արդարև, իրավական պետությունը կարող է կառուցվել բարձր իրավագիտակցության հիմքի վրա, քանզի հանրային ճանաչողության առանցքը կազմող իրավական և արժեքային ըմբռնումներն են ձևավորում հասարակական վարքագիծը:

Արդարությունը և իրավունքը աստվածադիր սկիզբ ունեն և Սուրբ Գրքի հիմնական սկզբունքներից են` սիրո, հույսի և հավատի հիմնարար արժեքների հետ: Արդարությունը և օրինահարգությունը մեր կյանքում պիտի ամուր մնան ինչպես սահմանված օրենքների պահանջով, այնպես և քրիստոնեական սիրո ոգով՝ նպաստելով հասարակության համախմբմանն ու միաբանությանը: Հանրության համերաշխությունը հաստատուն է արդարությամբ, իրավունքի և օրենքի անխտրական գործադրմամբ և վկայությունն է տերունապատվեր սիրո և հավատի դրսևորման:  

Այս արժեքների հիմքով ձևավորվել են մեր Եկեղեցու Կանոնագիրքը, դատաստանագրքերը, որոնցով մեր ժողովուրդն առաջնորդվել է նաև պետականության բացակայության պայմաններում՝ պահպանելով իր հավաքականությունը, ինքնությունը և կազմակերպելով իր ազգային-եկեղեցական կյանքը: Թեմատիկ խմբավորմամբ հրատարակված Կանոնագրքի համաբարբառը, կարծում ենք, առաջին քայլն է մեր Եկեղեցու արդի պահանջները բավարարող նոր Կանոնագրքի կարևոր գործի ձեռնարկման ճանապարհին: Ամբողջական և արդիական Կանոնագրքի ստեղծումն այսօր օրակարգային է Եկեղեցի-պետություն և Եկեղեցի-հասարակություն փոխհարաբերությունները ավանդական և ժամանակակից իրողությունների հիմքերի վրա զարգացնելու առումով։

Թող իրավագիտական բնույթի այսպիսի կարևոր աշխատությունները հարստացնեն մեր ժողովրդի գիտակրթական անդաստանը՝ ամրապնդելով իրավունքի գերակայության գիտակցությունը ու մեր կյանքում արդարությունը և բարին հաստատելու նախանձախնդրությունը, քանզի, ինչպես սաղմոսերգուն է ասում՝ Աստված «դատում է աշխարհն արդարութեամբ և իր ժողովրդին՝ ուղղամտութեամբ» (Սղմ. 9. 9)։

Հայցում ենք Երկնավորից քաջառողջություն և նոր արգասիքներ՝ գրքերի հեղինակներին: Աստծո օրհնությունը բոլորիդ և համայն մեր ժողովրդին. ամեն»։

Աշխատությունների հրատարակության առիթով իր ողջույնի խոսքն ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի  նախագահ Արման Դիլանյանը՝ ընդգծելով կատարված աշխատանքի կարևորությունը:

«Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ ժողովրդի հազարամյա տարեգրության ծալքերում» կոլեկտիվ մենագրության վերաբերյալ բանախոսությամբ հանդես եկավ «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների նախագահ,  ի․գ․դ․, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը՝ մասնավորապես խոսելով սահմանադրական մշակույթի ուսումնասիրման տեսլականի և հայոց իրավագիտական մտքի պատմական ժառանգության հանրահռչակման անհրաժեշտության մասին։ Վերջինս նաև իր շնորհակալությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին կարևոր այս նախաձեռնության իրագործմանը սատարելու և այն հովանավորելու համար:

«Համաբարբառ Կանոնագիրք Հայոց» ժողովածուի ստեղծման, աշխատության կարևորության և արդի կիրառելիության վերաբերյալ բանախոսությամբ հանդես եկավ իրավագիտության պատմության պրոֆեսոր Արամ Մարտիրոսյանը (Սորբոնի համալսարան): Համաբարբառի կազմման սկզբունքների և աշխատության պատրաստության գործում պրոֆեսոր Արամ Մարտիրոսյանի կարևոր ներդրման մասին խոսեց նաև Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Շնորհանդեսն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով, որին հաջորդեց ավանդական գինեձոնը։

--00--ԱԹ