Hetq.am–ի հրապարակած տեղեկության ստուգման արդյունքում քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

ԼՂՀ

Սույն թվականի օգոստոսի 7-ին «Hetq.am», կայքում հրապարակվել էր «Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները» վերնագրով լրատվական նյութը: 10.08.2021թ. ԱՀ դատախազությունը ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել էր քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգել հիշյալ հրապարակմամբ ներկայացված դեպքի հանգամանքները, տեղեկացնում է Արցախի  դատախազության  աշխատակազմի  հանրային կապերի  բաժինը:

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին ժամը 00:00-ի սահմաններում, անհայտ անձը (անձինք), չունենալով Արցախի Հանրապետության տարածքում կապի և համացանցի ծառայություն մատուցող ,«Ղարաբաղ Տելեկոմ», ՓԲ ընկերության համակարգչային համակարգ և ցանց մուտք գործելու թույլտվություն, համակարգչային տեղեկատվությունը կամ ծրագրերը ոչնչացնելու, ուղեփակելու կամ ոչ պիտանի վիճակի բերելու և համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու նպատակով 27.09.2020թ. ժամը 00:00-ից համակարգչային DDOS հարձակումներ է գործել «Ղարաբաղ Տելեկոմ», ՓԲԸ սերվերային ցանցի վրա և ապօրինի մուտք գործել համակարգչային համակարգ, հարված հասցրել ընկերության վիրտուալ համակարգին, դիտավորությամբ խափանել սերվերների գործունեությունը, ջնջել տեղեկատվական համակարգում պահվող տեղեկությունները, շարքից հանել բջջային կանխավճարային համակարգը` խափանելով կանխավճարային հեռախոսահամարներից կատարվող հեռախոսազանգերի տևողության և վճարի չափի հաշվարկման համակարգչային գործընթացը, ինչպես նաև ապօրինի տիրացել նույն ընկերության համակարգչային համակարգում պահվող տեղեկատվությանը, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ:

Նկարագրված դեպքի առթիվ 19.08.2021թ. հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասով և 265-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Ստուգման ընթացքում ձեռնարկված միջոցներով պարզվել է նաև, որ «Ղարաբաղ տելեկոմ», ՓԲ ընկերության հետ կնքված ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրերի շրջանակում հիշյալ ընկերության համակարգչային համակարգ մուտք գործելու թույլտվություն ունեցել էին օտարերկրյա երեք քաղաքացի և միջազգային մեկ կազմակերպություն:

Սույն գործով ներկայումս ընթանում է հետաքննություն, քննության են առնվում հնարավոր բոլոր վարկածները:

--00--ԱՀ