Ոստիկանությունը պատրաստվում է նոր ուստարվա մեկնարկին. ստուգատես սեպտեմբերի 1-ին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News  

Ավանդաբար ամեն տարի ոստիկանությունը լրջորեն նախապատրաստվում է նոր ուսումնական շրջանի մեկնարկին, անցնում մեկամսյա ուժեղացված ծառայության։ Այդ կապակցությամբ օգոստոսի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շարահրապակում անցկացվեց ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողների շարային ստուգատես: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, ստուգատեսին ընդգրկված էին նաև տրանսպորտային միջոցներ:

Ստուգատեսն անցկացնում էր ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Ուշադրության կենտրոնում անձնակազմի շարային կեցվածքն էր, արտաքին տեսքը, ծառայության մեջ ամենօրյա պահանջվող պարագաների առկայությունը:

Ստուգվեց նաև ստորաբաժանումներին ամրակցված պարեկային մեքենաների տեխնիկական վիճակը` լուսային, ձայնային, կապի միջոցներով և բարձրախոսներով մեքենաների հագեցվածությունը: Տրանսպորտային միջոցներում պետք է նաև դեպքի վայրը սահմանափակող ժապավեն և բուժօգնության պարագաներ լինեն։

Ամփոփելով արդյունքները` ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը ստորաբաժանման պետերին թերությունները վերացնելու, անձնակազմի շարային պատրաստվածությունը բարձրացնելու վերաբերյալ ցուցումներ տվեց՝ կրկին շեշտելով, որ ուսումնական հաստատությունների մոտ անվտանգ երթևեկությունն ու հասարակական կարգն ապահովելիս անհրաժեշտ է ցուցաբերել բարձր պատասխանատվություն:

Շարային ստուգատեսն ավարտվեց հանդիսավոր երթով:

--00--ԱԹ