Ծառուկյանի «ախռաննիկային» սինդրոմը

24News-ն այսօր խորհրդարանում հանդգնել է հարցազրույց վերցնել Գագիկ Ծառուկյանի թիկնազորի երբեմնի հրամանատար, մի քանի աղմկահարույց քրեական գործերով անցնող և անցած, իսկ այժմ արդեն Աժ պատգամավոր Էդուարդ Բաբայանից: Մեր լրագրողի զուտ մասնագիտական հարցերն այնքան են անհանգստացրել Ծառուկյանի շրջապատին, որ մի քանի անգամ տարատեսակ էմիսարների միջոցով փորձ է արվել նրան հորդորել չհրապարակել այդ ինտերվյուն: Ավելին, այդ էմիսարները սկզբից եղել են մերձծառուկյանական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, իսկ նրանց փորձերի ապարդյուն պսակվելուց հետո՝ արդեն ինչ-որ անծանոթ տղամարդ: Նյութի հրապարակումից հետո 24News-ի կայքն ուղղակի գրոհել են ֆեյքերի ծառուկյանական բանակները, ովքեր լկտիագույն անձնական վիրավորանքներ են հնչեցրել մեր լրագրողի հասցեին: 
Այս գործելաոճն ուղղակի անընդունելի է և խոսում է դաստիարակության ու էթիկայի կանոնների տարրական բացակայության մասին: Սրանք են այն մեթոդները, որով աշխատել և շարունակում են աշխատել Գագիկ Ծառուկյանն ու նրա թիմի ներկայացուցիչները՝ չձերբազատվելով ախռաննիկային սինդրոմից: 
24News-ն իր հնգամսյա գործունեության ընթացքում մշտապես հետևել է լրագրության մասնագիտական կանոններին, բացառել անձնական վիրավորանքն ու ներկայացրել երկրորդ կարծիք: Չկա՛ գեթ մեկ քաղաքական ուժի ներկայացուցիչ, ով չի հյուրընկալվում 24-ի տաղավարում: Գագիկ Ծառուկյանի թիմի որոշ ներկայացուցիչների այս լկտի պահվածքը  մենք գնահատում ենք իբրև ազատ մամուլի նկատմամբ ճնշման փորձ ու կոչ անում վերջիններիս զբաղվել իրենց բուն գործունեությամբ: Մեզ գրաքննելու ցանկացած փորձ կհանգեցնի անվերականգնելի հետևանքների նման նախաձեռնության հեղինակների համար: Հրավիրում ենք նաև մտքի այս տեռորի վրա իշխանության ներկայացուցիչների ուշադրությունը, ովքեր պարբերաբար հայտարարում են մամուլի «պաշտպանվածության» մասին: Խոստանում ենք, որ պարոն Բաբայանի օրինաստեղծ գործունեությունը մշտապես լինելու է մեր անմիջական ուշադրության կենտրոնում:
24News-ի խմբագրակազմ: