Ներկայացված թվերը վերաբերում են 44-օրյա պատերազմին. նախարարի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

ՆՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Որոշ լրատվամիջոցներ այսօր Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» դաշինքի հարցապնդմանն ի պատասխան իմ կողմից հնչեցված թվերը՝ 44 օրյա պատերազմի հետևանքով գերեվարված և անհայտ կորած անձանց վերաբերյալ, ներկայացնում են առանց ժամանակագրությունը շեշտելու՝ այդպիսով քաղաքացիների մոտ առաջացնելով թյուրըմբռնում և խուճապ։

Շեշտեմ, որ ներկայացված վիճակագրությունը վերաբերում է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմին։

Ըստ այդմ, ՀՀ քննչական կոմիտեի հոկտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 3,788 անձ․ անհայտ է 222 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 40 է, այդ թվում՝ 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ»։

--00--ԱԹ