Աղբահանության ոլորտի աշխատակիցները շահագործվում են, անգամ լվացվելու տեղ չունեն. ահազանգ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Հասարակական

Երևան քաղաքում աղբահանության ոլորտը, որի թեման շատ է շահարկվում, կայացած չէ, աշխատակիցները շահագործվում են։ Այս մասին 24News-ի հետ զրուցում ասաց Երևանի քաղաքապետարանի «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աղբահանության կառավարման բաժնի նախկին պետ Արթուր Բաբայանը։

«Աղբահանության հետ կապված առաջնային խնդիրն այն է, որ հիմնարկի բոլոր աշխատակիցներն ամենալայն իմաստով շահագործվում են։ Ունենք գիշերային աշխատողներ, որոնք երբևէ գիշերային վճար չեն ստանում, իրենց աշխատանքային ժամերից ավելի են աշխատում ու երբևէ չեն վճարվում։ Վարչական շրջաններում գեթ մեկ տեղ գոյություն չունի, որ աղբահանության աշխատակիցն իր աշխատանքն ավարտելուց հետո գոնե լվացվելու հնարավորություն ունենա։ Օրենքով նախատեսված է, որ պետք է լինեն լոգարաններ, գոնե այդ մարդկանց համար լվացվելու հնարավորություն կարելի՞ է ստեղծել, թե՞ ոչ։ Աշխատում են կին հավաքարարներ, որ նույնիսկ իրենց հագուստը փոխելու հնարավորություն չունեն, կամուրջների տակ, շենքերի անկյուններում են փոխվում», - նշեց Բաբայանը։

«Երբ այս հարցը բարձրաձայնել եմ, աշխատանքից ազատվել եմ։ Նմանատիպ շատ խնդիրներ են բարձրաձայնել, հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործ է հարուցվել մեր հիմնարկի բազմաթիվ չարաշահումների հետ կապված, միլիոնավոր դրամների, բեռնատարների փոխարինված անիվների վաճառքների մասին է խոսքը։ Անիվներն իրականում պետք է ուղարկվեին դիրքեր, բայց մեր հիմնարկից վաճառվել են, բացառությամբ 1-2 անգամ շատ փոքր խմբաքանակով անիվներ 44-օրյա պատերազմի ժամանակ ուղարկվել են դիրքեր, ու նմանատիպ բազմաթիվ դեպքեր։ 2019 թվականի ամենաթեժ ժամանակահատվածում հիմնարկի պետը եղել եմ ես, քաղաքը աղբի խնդրից դուրս եմ բերել ես իմ աշխատակիցներով։ Հոկտեմբերի 20-ից եղել եմ քովիդ բյուլետենի մեջ, ինձ հոկտեմբերի 22-ին ազատել են աշխատանքից մեկ ամբողջ օր աշխատանքից բացակայելու հոդվածով։ Այն դեպքում, երբ որ ես հոկտեմբերի 20-ից բյուլետենի մեջ եմ եղել։ Իմ դեպ, աշխատանքի և առողջապահության տեսչությունը ոչ իրավաչափ է ճանաչել աշխատանքից ազատելը։ Ինձ աշխատանքից ազատել են ոչ իրավաչափ, որիևիցե քայլ չեն կատարում իմ աշխատանքային պարտականությունները վերականգնելու համար։ Դրան գումարած, մինչև օրս ինձ վերջնահաշվարկ չեն տրամադրել։ Դատարան դիմելու ժամկետ գոյություն ունի, սպասում ենք, տեսնենք, միգուցե խելամիտ կգտնվեն, եթե ոչ՝ կդիմեմ դատարան», - շարունակեց նա։  

Ըստ նրա՝ ենթադրյալ չարաշահումների մասով խնդիրը բարձրաձայնելուց հետո քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը մտել է ստուգումների։ «Դա եղել է ի շնորհիվ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի։ Դրանից առաջ բազմակի անգամ ես բարձրաձայնել եմ այդ հարցը թե՛ կոմունալ վարչության պետի մոտ, որ ունենք խնդիրներ, ունենք նմանատիպ խայտառակ թալան, թե՛ անձամբ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի մոտ, բայց մինչև օրս քաղաքապետին չեմ տեսել։ Ու Արմեն Գալջյանն է պահանջել, որ վերահսկողության վարչությունը ստուգումներ իրականացնի։ Վերահսկողության վարչությունն ասում է, որ «մենք քաղաքապետի ցուցումով մտանք ստուգումների», բայց վերահսկողության վաչությունը հայտնաբերել է բազմաթիվ ապօրինություններ, մի քանի միլիոնավոր դրամների ապօրինություններ», - եզրափակեց Արթուր Բաբայանը։

--00--ԿԿ