«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնում կբուժվեն հոգեբանական խնդիրներ ունեցող զինվորները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

․

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում բացված Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնը դեկտեմբերի 25-ից ընդունում է շահառուներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախաձեռնության հեղինակ Սուրեն Արեենցի խոսքով՝ տեսակով եզակի այս կենտրոնի նպատակը բուժման հիմնական մեթոդներին զուգահեռ՝ վիրավոր զինվորների հոգեբանական վերականգնումն է։

«Հերոսների վերականգնողական քաղաք»–ի շահառուները ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած զինվորն ու նրանց ընտանիքի անդամներն են։

Կենտրոնի նախնական ներդրումային գումարը եղել է ընդամնեը 250 հազար դրամ։

«Անվստահություն կար, չէին հավատում անգամ ընտանիքիս անդամները, բայց ժամանակ չկար։ Պետք էր գտնել ուղիներ՝ պատերազմի հետևանքով հոգեբանական խնդիրներ ունեցող զինծառայողներին օգնելու համար։ 7 ամիս անց կենտրոնը դարձավ իրականություն, ու այսօր արդեն ավելի քան 230 հազար դոլարի ներդրում է կատարվել։ Մարկետինգի ընթացքում զինվորը բացարձակ չի երևացել։ Մենք մեր առաջ խնդիր էինք դրել տղաների համար կենտրոն կառուցելու ու տղաներին չվնասելու»,- խոստովանել է նախաձեռնության հեղինակը:

Այս կենտրոնում առաջին անգամ կիրականացվի հոգեբանական բուժում՝ թվային տեխնոլոգիաների շնորհիվ։

«Կենտրոնը խնդիր ունի զբաղվելու հատկապես հոգեբանական վերականգման խնդիրներով, քանի որ թվերը շատ վատն են։ Մենք խոսում ենք հոգեբանական խնդիրներ ունեցող ավելի քան 12 հազար զինվորականի մասին, զոհվածների ընտանիքների անդամների թիվը դեռ չեմ ասում։ Այստեղ բացի հոգեբանական զրույցներից, բուժելու ենք նաև տեխնիկայի միջոցով»,-նշել է նա:

Արեենցը նկատում է՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի մասին դեռ երկար կհիշեն, ու պատահական չէ ,որ կենտրոնում գործող Վախի սենյակը անվանվել է հենց Քլոյանի անունով։

«Նա մարտի դաշտում վախն արհամարհեց, կռվեց մինչև վերջին փամփուշտն ու մենակ չթողեց հրամանատարին։ Այս սենյակում, պատերազմի թոհ ու բոհով անցած մասնագետները զինվորներին կօգնեն հաղթահարել պատերազմից վախերը: Սենյակը տարածաշրջանում առանձնահատուկ է հենց թվայնացված տեխնոլոգիաներով, բուժման ընթացքում օգտագործվելու են հատուկ ակնոցներ։ Այսինքն, հոգեբանը զրուցում է տղայի հետ, իսկ տեխնիկան օգնում է հասկանալ, թե զրույցի ընթացքում ինչ իմպուլսներ է նա տալիս, ինչից է վախենում և այլն։ Այդ պատկերները թվայնացվելու են, բուժառուներն անընդհատ հայտնվելու են այն միջավայրում, որտեղ վախեր են ունեցել՝ բայրաքթար, բազմաթիվ ընկերների կորուստ, ինքնաթիռի պայթյուն։ Իմպուլսների միջոցով փորձ է արվելու կառավարել նրանց վախերը»,-մանրամասնեց նա:

Կենտրոնում բուժվելու համար արդեն 300 դիմում կա։ Ծրագրերը շատ են, առաջիկայում նախատեսում են ընդլայնել տարածքը, բացել նաեւ մանկական հոգեբանական սենյակ, որտեղ անվճար բուժում կստանան զոհված զինծառայողների՝ հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաները։

«Հերոսների վերականգնողական քաղաք»–ն ունի նաև պուրակ՝ անվանակոչված 44– օրյա պատերազմի հերոս Վարդան Ամալյանի անունով։ «Քաղաքում» բացվել է նաև առաջին հացատունը, որտեղ աշխատելու են զինծառայողների ծնողները։ Հացատանը թխված առաջին հացը բացման օրը ներկաներին հյուրասիրել է Վահագն Ասատրյանի կինը՝ Հասմիկը։

--00--ԱՀ