«Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը ստացել է բացասական եզրակացություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

սդսադ

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ին Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը:

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Թադեւոս Ավետիսյանը տեղեկացրել է, որ 2000 թվականից սկսած՝ բազմազավակ ընտանիքների թիվը նվազել է, իսկ այդ ընտանիքներում աղքատության միջին մակարդակը գրեթե կրկնակի բարձր է:

Հիմնական զեկուցողը, մանրամասն ներկայացնելով առաջարկվող կարգավորումները, նշել է, որ հատկորոշվել է «բազմազավակ ընտանիք» հասկացությունը, սահմանվել են տրամադրվող աջակցության հիմնական նպատակները, ուղղությունները, տեսակներն ու պայմանները:

Օրենքի նախագիծը մշակվել է մասնագիտական վերլուծությունների հիման վրա՝ ներառելով նաեւ միջազգային լավագույն փորձը, առանձնացվել են բազմազավակ ընտանիքներին անհրաժեշտ պետական աջակցության առաջնային ուղղությունները:

Առաջարկվող լրացումներով կկարգավորվեն նաեւ բազմազավակ ընտանիքի կարգավիճակի տրման, մերժման եւ դադարեցման հետ կապված հարաբերությունները: Հիմնական զեկուցողի արձանագրմամբ՝ կարեւոր, նոր մոտեցում է բազմազավակ ընտանիքի՝ 18 տարին լրացած անդամների պարտադիր բժշկական ապահովագրությունը:

Հարակից զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է բազմազավակ ընտանիքներին աջակցության՝ Կառավարության կողմից ներկայում իրականացվող եւ նախատեսվող ծրագրերը, անդրադարձել ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությանը:

Նա տեղեկացրել է, որ նախարարությունը դեռեւս 2021 թվականի ապրիլին շրջանառության մեջ է դրել «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որը տեղադրված է «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, եւ սահմանված կարգով Կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի խորհրդարան:

Նախագծի վերաբերյալ տեղի են ունեցել հանրային քննարկումներ, եղել են բազմաթիվ առաջարկություններ ու դիտարկումներ, որոնք տեղայնացվել են: Ըստ Դավիթ Խաչատրյանի՝ այն թիրախավորումները, որ դրվել են ներկայում քննարկվող նախագծում, որոշ դեպքերում համընկնում են Կառավարության ներկայացրած նախագծում:

Հանձնաժողովականները մտքեր են փոխանակել բազմազավակության աջակցության, սոցիալական երաշխիքների, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ռազմավարական քայլերի, երեխաների խնամքը եւ աշխատանքը համատաղելու, խնամքի ծառայությունների, խնամքի նպաստի համակարգի, ծնողավարության դպրոցների մոդելների ներդրման, ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության հարցերի վերաբերյալ:

Հերիքնազ Տիգրանյանը, անդրադառնալով նախագծի իրավակարգավորումներին, նշել է, որ այն այս տեսքով ընդունելը խնդրահարույց է հետագայում իրավակիրառ պրակտիկայի համար: Նրա կարծիքով՝ նախագիծը դեռեւս վերջնական մշակում պետք է անցնի:

Նախագիծը ստացել է բացասական եզրակացություն:

Նիստի օրակարգում ընդգրկված՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած  ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի, պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի եւ ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումները հետաձգվել են:

--00--ՍԳ