ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը նոր գործադիր տնօրեն ունի

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 1,  24 News

ՄԱԿ

Այսօր իր աշխատանքային պարտականություններն է ստանձնել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նոր գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը: Նա չորրորդ կինն է, որը ղեկավարելու է կազմակերպությունն իր 75-ամյա պատմության ընթացքում: Այս մասին գրել է 1lurer.am-ը։

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին՝ աջակցելու հանուն երեխաների իրականացվող կազմակերպության ուշագրավ աշխատանքին և ղեկավարելու այն նման վճռորոշ պահին: Այս օրերին, երբ աշխարհում միլիոնավոր երեխաներ շարունակում են տուժել կորոնավիրուսային համավարակի և այլ ճգնաժամերի ազդեցությունից, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն առաջնորդում է նրանց իրավունքների իրացման և ապագան պաշտպանելու կոչը: Ես անհամբեր սպասում եմ առաջիկա աշխատանքին»,- նշել է Ռասելը:

Քեթրին Ռասելն իր հետ բերում է տասնամյակների փորձ նորարարական քաղաքականության մշակման գործում, որի առանցքում են եղել անապահով համայնքների հզորացումն ամբողջ աշխարհում, կանանց և աղջիկների պաշտպանության արդյունավետ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ մարդասիրական ճգնաժամերի ժամանակ, տարբեր ոլորտների աշխատակազմերի զարգացման և կառավարման, ինչպես նաև նախաձեռնությունների լայն շրջանակի համար ռեսուրսների և քաղաքական աջակցության մոբիլիզացումը:
 
Ներկայում Ռասելը ԱՄՆ նախագահի օգնականն է և գլխավորում է Սպիտակ տան նախագահական աշխատակազմի գրասենյակը: 2013-2017 թվականներին նա զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարության կանանց հիմնախնդիրների գծով գլխավոր դեսպանի պաշտոնը: Այդ պաշտոնում նա ինտեգրել է կանանց խնդիրները ԱՄՆ արտաքին քաղաքականության բոլոր օղակներում, ներկայացրել Միացյալ Նահանգները ավելի քան 45 երկրում և աշխատել օտարերկրյա կառավարությունների, բազմակողմ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ:

Նա հեղինակել է «Դեռահաս աղջիկներին հզորացնելու ԱՄՆ-ի գլոբալ ռազմավարությունը»:
 
Ռասելը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ութերորդ գործադիր տնօրենն է, որը ղեկավարելու է 20 000 աշխատակից ունեցող կազմակերպությունը:

--00—ՄՀ