Հայաստանը և Ուկրաինան կհամագործակցեն բարձրագույն կրթության ոլորտում. ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

15

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը նշանակալի քայլ է կրթության բնագավառում երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու և երկուստեք փոխշահավետ կապեր հաստատելու համար:

Համաձայնագիրը կնպաստի ՀՀ և Ուկրաինայի ուսումնական հաստատությունների միջև անմիջական կապերի հաստատմանն ու զարգացմանը, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնմանը: Համաձայնագրի շրջանակում ակնկալվում է խթանել և ամրապնդել միջազգային համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում, իրականացնել ուսանողների և հետազոտողների համար նախատեսված կրթաթոշակային փոխանակման ծրագրեր ու համատեղ կրթագիտական նախագծեր, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման գործում:

Համագործակցությունը կստեղծի նաև լրացուցիչ հնարավորություններ բարձրագույն կրթության միջազգայնացման համար և կնպաստի Հայաստանի բուհական համակարգի վարկանիշային հեղինակության բարձրացմանը միջազգային հարթակներում:

Համաձայնագրի ստորագրումը հանդիսանում է Տնտեսական համագործակցության հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի համապատասխան արձանագրության կատարման առարկա, ինչպես նաև բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից»: 

--00—ԼՄ