Արտակ Բեգլարյանը և Միքայել Հայրիյանն այցելել են «Արևիկ» մանկական բուժմիավորում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

 

տռռեգտեռգ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում և լսել նախորդ տարվա գործունեությունն ամփոփող հաշվետվությունը:

Կառույցի գործադիր տնօրենը ներկայացրել է մանկական առողջության պահպանմանն ուղղված աշխատանքները, պետական նախարարի առաջարկով նախանշել բուժմիավորման ծառայությունների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ քայլերը:

Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին կատարած մեծ աշխատանքի համար՝ հաշվի առնելով հետպատերազմյան ու կորոնավիրուսյան մարտահրավերների հարուցած դժվարությունները:

«Տարին նաև մեծ բարեփոխումների մեկնարկի տարի էր, որոնց մի մասի սկզբնավորումը կնշանավորվի ընթացիկ տարում: Սակայն այս գործընթացում հենց ձեր աջակցությամբ մենք պետք է արագ արդյունավետություն ապահովենք, որովհետև հենց դուք եք առաջնագծում, և ձեր խորհուրդների ու առաջարկների շնորհիվ ենք կարողանալու արդյունավետ բարեփոխումներ իրականացնել ոլորտում: Դա վերաբերում է թե՛ տեխնիկական ու մասնագիտական հնարավորություններին, թե՛ կառավարման արդյունավետության բարձրացմանը և թե՛ կանխարգելիչ առողջապահության լուծումներին»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Արտակ Բեգլարյանը և Միքայել Հայրիյանը անդրադարձել են մի շարք հիմնախնդիրների կարգավորմանը՝ շեշտադրելով հատկապես մանկական բուժծառայությունների ու կանխարգելիչ առողջապահության վրա կառավարության հատուկ ուշադրության առկայությունը:

Բուժանձնակազմի հետ մանրամասնորեն քննարկվել են համակարգի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

--00--ՍԳ