Լվովում բացվել է հյուպատոսական կետ՝ ՀՀ քաղաքացիներին օժանդակելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Հասարակական

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների, դեսպանության կողմից կատարած և կատարվող աշխատանքների մասին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վլադիմիր Կարապետյանը հայտնել է, որ ներկա պահին Ուկրաինայի տարբեր՝ հյուսիսային, արևելյան և հարավային մասերում, այդ թվում մայրաքաղաք Կիևի մատույցներում շարունակվում են մարտերը:

Դեսպանը հայտնել է, որ դեսպանության ողջ անձնակազմը մշտական, շուրջօրյա կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, տրամադրում է խորհրդատվական օգնություն Ուկրաինայից Հայաստան մեկնելու ուղիների և հնարավորությունների վերաբերյալ, ձևակերպում և տրամադրում է այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր:

-Ի՞նչպես են ընթանում այժմ իրադարձություններն Ուկրաինայում: 

Ներկա պահին Ուկրաինայի տարբեր՝ հյուսիսային, արևելյան և հարավային մասերում, այդ թվում մայրաքաղաք Կիևի մատույցներում շարունակվում են մարտերը: Մարտի 3-ին Բելառուսում տեղի է ունեցել ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը, որի արդյունքում ձեռք են բերվել որոշ հուսադրող պայմանավորվածություններ, մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության դուրսբերման հումանիտար միջանցքների և դրանց գործարկման վայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ: Հայաստանը հայտնել է իր դիրքորոշումը այս հարցով  և մեծ հույսեր ունի, որ բանակցային սեղանի շուրջ հնարավոր կլինի խնդիրները հանգուցալուծել։

-Գիտենք, որ դեռեւս ռազմական գործողությունները սկսվելուց առաջ Կիեւում որոշ դեսպանություններ տարհանեցին նախ դիվանագետների ընտանիքի անդամներին, ապա դիվանագետներին։ Ինչպիսի քաղաքականություն է որդեգրել այս առումով Հայաստանը։

Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը եղել է այն եզակի դեսպանություններից (Կիևում կա 100 դիվանագիտական ներկայացուցչություն), որը ռազմական գործողությունների մեկնարկի պահից ամբողջ կազմով գտնվել է Կիևում և իրականացրել է իր գործառույթները ողջ ծավալով։ Դեսպանությունը նաև մշտական կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների, այլ երկրների քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայերի և տեղական իշխանությունների հետ:

Պայմանավորված Կիևի շուրջ իրավիճակի վատթարացմամբ, անվտանգության ապահովման նկատառումներից և Կիևում աշխատանքն իրականացնելու անհնարինությունից ելնելով՝ ՀՀ ԱԳ նախարարի որոշմամբ դեսպանը և դիվանագիտական անձնակազմը տեղափոխվել և մարտի 4-ից ժամանակավորապես աշխատում են Լվով քաղաքից: Ներկա պահին Լվովում արդեն բացվել է հյուպատոսական կետ՝ ՀՀ քաղաքացիներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Վաղվանից հյուպատոսական կետ կբացվի նաև Ուժգորոդում։ 

-Քանի ՀՀ քաղաքացի կա Ուկրաինայում, արդյո՞ք աջակցություն ցուցաբերվում է  նաեւ Ուկրաինայի քաղաքացի հայերին: 

Հստակ թիվը հնարավոր չէ ասել, քանզի քաղաքացիների միայն չնչին մասն է հյուպատոսական հաշվառում անցնում, որը կամավոր գործընթաց է:

Ինչ վերաբերվում է Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող հայերին, պետք է նշենք, որ զանգերի զգալի մասը ստանում ենք նաև Ուկրաինայի քաղաքացիներից:  Ցանկանում եմ հիշեցնել ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայից ժամանող հայերին։ Մենք նաև պատրաստ ենք ՀՀ սահմանը հատող Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող անձանց տրամադրել անհրաժեշտ օգնություն՝ անկախ նրանց ազգությունից: