Վլադիմիր Կարապետյանը ծանոթացել է Ուժգորոդում բացված ՀՀ հյուպատոսական կետի աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Հասարակական

Ուկրաինայի Զակարպատյիե մարզի ղեկավարության հետ հանդիպելու և Ուժգորոդում բացված ՀՀ հյուպատոսական կետի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը այցելել է Ուժգորոդ, որտեղ հանդիպել է Զակարպատյեի մարզային խորհրդի նախագահ Վլադիմիր Չուբիրկոյի և Ուժգորոդի քաղաքապետ Բոգդան Անդրիևի հետ։ 

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Վլադիմիր Չուբիրկոյի հետ հանդիպմանը դեսպանը երախտագիտություն է հայտնել Զակարպատյեի մարզային իշխանություններին՝ Ուկրաինայի արևելյան շրջաններից իրենց մարզ տեղափոխված Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի, օժանդակության պատրաստակամության համար։ Դեսպանը խոսել է հայ համայնքի դերակատարության, պետական շինարարության գործում Զակարպատյեում հայ համայնքի նշանակալի և շարունակական ներդրման մասին։

Այնուհետև դեսպանը Կարապետյանը հանդիպել է Ուժգորոդի քաղաքապետ Բոգդան Անդրիևի հետ։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքային իշխանություններին՝ Ուժգորոդում հյուպատոսության բացմանը ցուցաբերած աջակցության համար:

Քաղաքապետը ներկայացրել է Ուժգորոդ տեղափոխված փախստականներին ցուցաբերվող օժանդակությունը: Քաղաքապետն ընդգծել է նաև հայ համայնքի դերը քաղաքային կյանքում, ակտիվ դերակատարությունը պատերազմի ժամանակ մարդասիրական օգնության տրամադրման հարցում։

Հանդիպումներին դեսպանին ուղեկցում էին հայ համայնքի ներկայացուցիչներ՝ Կարլեն Շիրինյանը, ով նշանակալի դերակատարություն է ունեցել դեսպանության՝ Լվովի ու Զակարպատիեի մարզ տեղափոխման եւ Ուժգորոդում հյուպատոսական կետի հիմնման գործում, գործարար Ավետիկ Գասպարյանը, Ուժգորոդի քաղաքային խորհրդի քարտուղար Արսեն Մելքումյանը։