Խաչիկ Ասրյանը նամակ է ուղարկել Վլադիմիր Պուտինին․ պատրաստ է մեկնել Դոնբաս՝ կռվելու ՌԴ ԶՈւ կազմում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

հասարակական

«Հայոց արծիվներ» կամավորական ջոկատը Ռուսաստանի զինված ուժերի կազմում պատրաստ է կռվել Ուկրաինայի իշխանությունների դեմ։ Այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել։

Խաչիկ Ասրյանի գլխավորած «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատով Դոնբաս մեկնելու թույլտվություն ստանալու համար։

Պուտինին ուղղված պաշտոնական նամակը Ասրյանը հանձնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

««Հայոց Արծիվներ» ջոկատը պատրաստ է կռվել ՆԱՏՕ-ական արևմուտքի և Ուկրաինայի ֆաշիստական իշխանությունների դեմ։

2020 թվականի արցախա-ադրբեջանական 44-օրյա պատերազմին ուղղակի մասնակցած և Արցախի Մարտունի 2 գնդի հետ միասին կյանքի գնով Արցախի Մարտունի ու Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերն անառիկ պահած «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի 1-ին վաշտը (100 մարդ) սույն թվականի փետրվարի 24-ից պատրաստ է մեկնել Դոնբաս, և, Հայաստանի ու Արցախի արտաքին անվտանգության միակ երաշխավոր, Հայաստանի ռազմավարական բնական միակ դաշնակից Ռուսաստանի Զինված Ուժերի կազմում կռվել ՆԱՏՕ-ական արևմուտքի, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի ու Արցախի թշնամի Ադրբեջանին պաշտոնապես ռազմատնտեսական ու բարոյական աջակցություն ցուցաբերած Ուկրաինայի ֆաշիստական իշխանությունների դեմ՝ պաշտպանելով Դոնբասի և Ուկրաինայի քաղաքացիներին ու բնակիչներին»,- նշված է հայտարաության մեջ: 

--00--ԿԿ