Վրաստանում մտադիր են բանակում չծառայածներին պետական պաշտոն չտալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail
Apsny.ge կայքը գրում է, որ Վրաստանի կառավարությունն օրենքի նախագիծ է մշակել, ըստ որի՝ պարտադիր ժամկետային զինծառայություն չանցած տղամարդկանց կարգելվի աշխատանքի անցնել որպես պետծառայողներ։ Նախաձեռնությունն ուղղված է զինակոչի և ռազմական մոբիլիզացման  կատարելագործմանը, նշված է օրենքի նախագծին կից նշումներում։ 

Երկրի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը, սակայն, լրագրողներին հայտնել է, որ օրենքի ընդունումը չի բարձրացնի վրացական բանակի մարտունակության մակարդակը:

«Դա շատ վատ գաղափար է, քանի որ այդ առնչությամբ երկրում կաճի գործազուրկների թիվը: Եթե խորհրդարանը հաստատի օրենքի նախագիծը, այդ փոփոխությունները ոչնչով չեն բարձրացնի բանակի մարտունակությունը, այլ մեծ վնաս կհասցնեն պետական հաստատությունների»,- ասել է Շաշկինը:

2013 թ. Վրաստանի կառավարությունը հայտարարել էր փոքրաթիվ պրոֆեսիոնալ բանակի կազմավորման մասին, սակայն, չկարողանալով կատարել իր առջև դրված առաջադրանքը, հրաժարվել էր դրանից՝ նորից վերականգնելով պարտադիր ժամկետային զինծառայությունը: