Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

հասարակական

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ քննչական կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել, ավելի ուշ ՔԿ-ն հայտարարություն կտարածի։ Այս մասին 24News-ին ասաց ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Ընդդիմադիր գործունեությամբ հայտնի պրոդյուսերը հուլիսի 15-ին դատական նիստի ընթացքում հանկարծամահ էր եղել։ 

Նույն օրն արդարադատության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր քրեակատարողական ծառայության պարզաբանումը Արմեն Գրիգորյանի՝ նախկինում արձանագրված առողջական վիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում եղած ժամանակ Գրիգորյանը առողջական հավանական խնդիրների մասին տեղեկություններ չի ներկայացրել, եղել է բժշկական անձնակազմի հսկողության տակ, ստացել է հակահիպերտենզիվ բուժում, և բուժման ֆոնի վրա հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմաններում։ «Միաժամանակ, հարկ է նշել, որ Քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված տեղեկությունների լիարժեքությունը ստուգելու նպատակով իրականացվում են լրացուցիչ ուսումնասիրություններ», - նշվում էր ԱՆ հայտարարության մեջ։

ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը 24News-ին ասաց, որ այս հարցով որևէ գործողություն չի իրականացնում։ 

Լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքների հարցով 24News-ը կապ հաստատեց նաև ԱՆ մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանի հետ։ «Այս պահին դեռևս չունենք տեղեկատվություն, խնդրում ենք հետևել մեր պաշտոնական կայքէջին և ֆեյսբուքյան էջին», - ասաց Մելքումյանը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը 24News-ին ասաց, որ պրոդյուսերի մահվան կապակցությամբ վարույթը նոր է նախաձեռնվել, զարգացումների մասին դեռ վաղ է խոսել։ «Իսկ ավելի մանրամասների համար պետք է զանգահարեք ՔԿ։ Քրեական վարույթի շրջանակներում պետք է կատարվեն քննություններ, նախնական փուլում է, դեռ վաղ է որևէ բանի մասին խոսելը», - ընդգծեց նա։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ