Լոռու մարզի պարեկները մի քանի օրում ապօրինի ծառահատման 4 դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Այս տարվա ապրիլի 16-ից Լոռու և Շիրակի մարզերում մեկնարկեց պարեկային ծառայությունը։ Նորաստեղծ ծառայությունը մարզերում արդեն իսկ աշխատում է ողջ ծանրաբեռնվածությանբ, իրականացնում է հասարակական կարգի պահպանություն, հետևում ճանապարհային երթևեկության անվտանգությանը, նաև՝ բացահայտում հանցագործություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Լոռու մարզում տարածված հանցատեսակներից մեկը ապօրինի ծառահատումն է, ինչի դեմ Լոռու մարզի պարեկները մղում են շուրջօրյա պայքար՝ համագործակցելով ոստիկանության տարածքային բաժինների ծառայողների հետ։ Ներկայացնենք վերջին օրերին Լոռու պարեկների բացահայտած ապօրինի ծառահատման մի քանի դեպք։
Օգոստոսի 5-ին, ժամը 13․40-ի սահմաններում, պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի ծառայողները Վանաձորի Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ստուգման են ենթարկել Վանաձորի 45-ամյա բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտը»։ Մեքենան բարձված էր մոտ 4 խմ վառելափայտով։
Նույն օրը, ժամը 14.55-ի սահմաններում, գումարտակի առաջին վաշտի մեկ այլ կարգախումբ նույն պողոտայում ու նույն կասկածանքով կանգնեցրել է Վահագնի գյուղի 32-ամյա բնակչի վարած «Օպելը»։ Մեքենայում հայտնաբերվել է շուրջ 1 խմ վառելափայտ, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Օգոստոսի 9-ի գիշերը, ժամը 1.40-ի սահմաններում, կրկին նույն վաշտի ծառայողները Վանաձորի Շիրակի փողոցում ստուգել են Մարց գյուղի 34-ամյա բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտը»։ Հայտնաբերվել է շուրջ 3,5 խմ վառելափայտ։
Օգոստոսի 12-ի գիշերը, ժամը 2.20-ի սահմաններում, պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի երկրորդ վաշտի ծառայողները Գյուլագարակ գյուղի սկզբնամասում ստուգման նպատակով կանգնեցրել են Վանաձորի 28-ամյա բնակչի կողմից շահագործվող «Ֆորդ Տրանզիտը»։ Մեքենայում հայտնաբերվել է 3 խմ փայտանյութ։ Վարորդը հայտնաբերվածի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը հավաքել է Եղեգնուտ գյուղի հարակից անտառից։
Մեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։
Նշանակվել են փորձաքննություններ։
Լոռու մարզի պարեկների բնապահպանական շուրջօրյա միջոցառումները շարունակվում են։

--00—ԻԴ

Տեսանյութեր