Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը ԱՄՆ-ին կարող են դուրս մղել ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

10503816_239_0_780_541_1920x0_80_0_0_a17283

Ադրբեջանն իր  ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևայի շուրթերով արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից դիվանագետ Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելու փաստին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աբդուլաևան նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը՝ Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելու վերաբերյալ, «ցույց է տալիս, որ կիրառվում է տարածաշրջանում ստեղծված հետկոնֆլիկտային իրականությունից հեռու մոտեցում, ինչը զարմանք է առաջացնում»։

 «ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին Ադրբեջանի դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է և հստակ ձևակերպվել բարձրագույն մակարդակում։ Գործնականում չգործող Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն հեռանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից»,- ասել է Աբդուլաևան։

Նա կրկնել է իրենց երկրի ղեկավար Ալիևի պնդումը, թե «ղարաբաղյան հակամարտությունը լուծված է»։

«Միջազգային հանրությունը, այդ թվում՝ մեր գործընկերները, պետք է հասկանան, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունները ղարաբաղյան խնդրի հետ կապելը ոչ մի կերպ չի նպաստում կարգավորմանը»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

--00—ԶՀ