ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման մանրամասները դեռ քննարկման փուլում են. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

,

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է«Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին: Հարցուպատասխանը՝ ստորև.

Հարց. Հայտարարության մեջ խոսք է գնում նաև այն մասին, որ Հայաստանը համաձայնություն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելուն, իսկ Ադրբեջանը համաձայնվել է համագործակցել այնքանով, որքանով կառնչվի: Սրանից կարող ե՞նք եզրակացնել, որ Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտորդների տեղակայմանը:

Պատասխան. Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ նշել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջազգային փաստահավաք և մշտադիտարկման մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին: ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով՝ ՀՀ ինքինշխան տարածքում: Հաշվի առնելով նշյալը, պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի համաձայնության կամ անհամաձայնության հարց առկա չէ:  

Հարց. Կխնդրեի մանրամասնել, թե սահմանի որ հատվածներում են տեղակայվելու դիտորդները, ինչ հիմնական աշխատանք են նրանք կատարելու, որքանով նրանց ներկայությունը կթուլացնի լարվածությունը սահմանին:

Պատասխան. ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակները, ինչպես արձանագրված է հայտարարության մեջ, վստահության ամրապնդումն է և իրենց դիտարկումներով սահմանային հանձնաժողովներին աջակցելը: Առաքելության գործառույթների և լիազորությունների շրջանակի, տեղակայման հստակ վայրերի և այլ բնույթի մանրամասների վերաբերյալ, թերևս, խոսելը վաղ է, քանի որ այս հարցերը դեռևս գտնվում են աշխատանքային քննարկումների տիրույթում: 

Հարց. Արդյոք հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանում պահվող  հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը, ի՞նչ զարգացումների կարելի է սպասել այս հարցում: 

Պատասխան. Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցը մեր կողմից մշտապես բարձրաձայնվում է միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումների ընթացքում: Պրահայում տեղի ունեցած հանդիպումները նույնպես բացառություն չէին:

--00--ԱՀ

Տեսանյութեր