Իրանի համար սահմանի հարցը թիվ 1 կարևորություն ունի, միջանցքի առկայությամբ այն ամբողջովին կշրջափակվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Ի

«Հզոր Իրան» կարգախոսով զորավարժությունը 2-րդն է, անցյալ ամիս Իրանի Սպահան նահանգի տարածքում եղավ 1-ին զորավարժությունը, որն Իսլամական Հանրապետության բանակի պատմության մեջ ամենամեծն էր։ Այս մասին 24News-ին ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի և հիմնադրամի «Քաղաքականություն և արտաքին հարաբերություններ» ոլորտի ղեկավար, իրանագետ Հարութ Առաքելյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Հզոր Իրան» կարգախոսով մեծ զորավարժությունն է սկսվում Իրանի հյուսիսարևմտյան՝ Ադրբեջանի ու Հայաստանի սահմաններում։ Զորավարժությունը կենտրոնացած է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի Աշուրայի բազայի վրա, տեղի է ունենում Իրանի Արդաբիլ և Արևելյան Ատրպատական նահանգներում:

Այսօր Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար Ալիրեզ Սաբախին հայտարարել էր, որ փորձարկել են 300 կմ հեռահարությամբ «Բավար 373» ՀՕՊ համակարգը: Իրանագետ Հարութ Առաքելյանի խոսքերով, մոտ 15 օր Իրանն Իրաքյան Քրդստանի շրջանն է ռմբակոծում, որտեղ 17 հազար զինյալ էր կուտակվել․ «Իրանի հետախուզությունը տվյալներ ուներ, որ հիմնականում եթե ինչ-որ ընդահարումներ լինեին Ադրբեջանի հետ սահմանում, ապա քրդերը այդ հատվածից գուցե հարվածեին Իրանին։ Եվ փորձեց դա չեզոքացնել։

Բնական էր, որ Ադրբեջանի հետ սահմանում զորավարժություններ պետք է աներ, որն իր մասշտաբով շատ մեծ է»։ Ըստ «Ջենեսիս Արմենիա»-ի «Քաղաքականություն և արտաքին հարաբերություններ» ոլորտի ղեկավարի՝ Իրանն այս զորավարժությամբ նաև զգուշացնում է, որ սահմանեը վերահսկում է․ «Իրանի քաղաքական կառուցվածքն այնպիսին է, որ ինչ-որ թեմայի շուրջ եթե երկրի առաջնորդից մինչև նախագահ ու Զինված ուժերի շտաբի պետ խոսում են, նշանակում է, որ իրենց համար այդ հարցը թիվ 1 կարևորություն ունի։ Նույնիսկ հոգևոր առաջնորդի մակարդակով հայտարարել են, որ չեն հանդուրժելու տարածաշրջանում սահմանային փոփոխությունները։

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Վելայաթին էլ ասել էր, որ Հարավային Կովկասի հարցում Իրանի և Ռուսաստանի տեսակետները համընկնում են։ Իրանը դեմ է Հայաստանով սուվերեն միջանցքին, ռազմական ճանապարհով միջանցք բացելուն, որը վտանգելու է Իրան-Հայաստան սահմանը։ Միջանցքն Իրանի վերջնական շրջափակումը կլինի»։

Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը Կովկասում օտար ուժերի ներկայությունը բնութագրել էր որպես տարածաշրջանային պետությունների ընդհանուր մտահոգություն և ընդգծել Իրանի հակադրությունը տարածաշրջանում որևէ օտար ուժերի տեղակայմանը: Ըստ պաշտոնական Իրանի՝ Ամիր Աբդուլլահիանն ընդգծել էր այլ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելը, դա որակել որպես իրանական կողմի մշտական քաղաքականություն։

Ըստ Հարութ Առաքելյանի՝ իրավիճակն այնպիսի ծայրահեղ է, որ Իրանն իր բարձաստիճան պաշտոնյաների, պաշտոնական զրույցների մեջ բարձրաձայնում է սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին։ «Իրանի ԱԳՆ-ն շատ պարզ ու ուղիղ տեքստով զգուշացրեց Ադրբեջանին, որ չի հանդուրժելու օտար ուժերի կուտակում։ Ինչպես որ Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը հայտարարեց, որ «չենք հանդուրժել Իրաքի Քրդստանում այդպիսի կուտակումներ և փորձել ենք դրա դեմն առնել»։

Եթե այդ երկու փազլներն իրար կողք ենք դնում, Իրանը նաև մեսիջ է տալիս, որ եթե «Քրդստանում ենք դրա դեմն առել, նաև կարող ենք Ադրբեջանում»»։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ