Ալեն Սիմոնյանին ՀՀ խուլերի միավորման պալատում ներկայացրել են պետական հոգածությանը վերաբերող հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ւ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ ղեկավար կազմի և շահառուների խնդրանքին ի պատասխան՝ հոկտեմբերի 19-ին այցելել է Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատ:

Հանդիպմանը միավորման նախագահ Մարինե Հարությունյանն ԱԺ նախագահին է ներկայացրել թույլ լսողների և խուլ ու համրերի համայնքին առնչվող օրենսդրական կարգավորում պահանջող որոշ խնդիրներ, որոնց շտկման արդյունքում թույլ լսողների հաղորդակցումն առավել կհեշտանա:

Ներկայացված հարցերի առանցքում են եղել նաև երիտասարդ խուլ-համրերի մասնագիտական կողմնորոշման հարցում պետական հոգածության մակարդակի բարձրացումը, հավասար մեկնարկային պայմանների ստեղծումը: Միավորման անդամները մատնանշել են նաև սուրդոթարգմանիչներ վերապատրաստելու հարցի կարևորությունը և դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծելու շուրջ աջակցություն են խնդրել:

Ալեն Սիմոնյանը միավորման ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց է կատարել շենքում, ծանոթացել պայմաններին: ԱԺ նախագահը ներկայացված խնդիրների լուծման առնչությամբ հանձնարարականներ է տվել իր աշխատակազմին:

ԱԺ նախագահը հանդիպման ավարտին միավորման շահառուներին տեղեկացրել է, որ առաջիկայում ԱԺ նիստերը նախատեսվում է եթեր հեռարձակել սուրդոթարգմանությամբ:

Վերջին տվյալներով Հայաստանում ապրում է լսողական խնդիրներ ունեցող 3000 մարդ:

--00—ԱՊ