Հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

սա

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում գործընկերները մտքեր են փոխանակել օրակարգային առաջնահերթությունների շուրջ:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հրավերի եւ ջերմ ընդունելության համար: «Մենք առանձնապես կարեւորում ենք Վրաստանի հետ մեր հարաբերությունները, եւ պատահական չէ, որ Հայաստանի կառավարության՝ 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն առաջնահերթություն է: Հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ»,-նշել է Ալեն Սիմոնյանը:

Շալվա Պապուաշվիլին վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ շարունակական երկխոսության եւ համագործակցության ամրապնդումը լրացուցիչ խթան է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար:

Խոսելով միջխորհրդարանական հարաբերություններից՝ կողմերն անդրադարձել են այցի շրջանակում խորհրդարանների արտաքին հարաբերությունների եւ մշակութային հարցերով մշտական հանձնաժողովների միջեւ ստորագրվելիք համագործակցության հուշագրերի կարեւորությանը:

Ընդգծվել է նաեւ երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը՝ շեշտելով դրանց՝ խորհրդարանների փոխնախագահների կողմից ղեկավարվելու փաստը: ՀՀ ԱԺ նախագահը նկատել է, որ կրթամշակութային համագործակցության հարթակը լավ խթան է Վրաստանի բուհերում հայագիտական կենտրոնի կամ ամբիոնի եւ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում վրացերենի ամբիոնի զարգացման հնարավորությունների համար:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմամբ: Նա հավելել է, որ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւոր գործոններից է եւ բարձր է գնահատել վրացական կողմի՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը:

Հանդիպմանը ծավալուն անդրադարձ է եղել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելուն եւ դրա հետեւանքներին:

Կողմերը քննարկել են Վրաստանի հայ համայնքին, առաջիկա համատեղ նախագծերին առնչվող աշխատանքային հարցեր:

--00—ԻԴ