ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի 50-ամյակին նվիրված համաժողովին (դեկտեմբերի 4-9-ը):
Հնգօրյա միջոցառմանը ներկայացել են պատվիրակություններ ավելի քան 30 երկրներից: Հայկական կողմից համաժողովին մասնակցում են ԿԳՄՍ և Շրջակա միջավայրի նախարարությունների, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ու Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչները:
Հայաստանը նախապատրաստել է երկու զեկուցում Մետաքսի մեծ ճանապարհին միջնադարյան Հայաստանի դերի և պատմահնագիտական ժառանգության պահպանության ոլորտում ունեցած փորձի մասին:
Այցի շրջանակում Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է նաև Կազանի ժողովուրդների բարեկամության տան հայկական կենտրոնի ղեկավարությանը և ծանոթացել գործունեությանը:
Թաթարստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են երկու երկրների հաջող փորձը և համագործակցության հեռանկարները:
--00—ՅՄ