Բաքուն պատվիրակություն կուղարկի Կազան, եթե Երևանը համաձայնի․ ԵԱՏՄ-ում քննարկում են հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

եատմ

ԵԱՏՄ անդամ երկրները քննարկում են ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի կողմից պատվիրակության հավանական մասնակցության հարցը։ Պաշտոնական Բաքուն ներկայացուցիչներ կուղարկի Կազան, եթե Երևանը համաձայնություն տա։

Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարություններից հարցի վերաբերյալ աղբյուրին հայտնել են, որ միության կազմում կարգավիճակ չունեցող երկրների խորհրդի նիստին մասնակցությունը դեռ քննարկվում է, և որ ԵԱՏՄ անդամ երկրների համաձայնեցված դիրքորոշում դեռ չկա:

«Եղել է նման միտք (խմբ․՝ Բաքվին խորհրդի նիստին հրավիրելու): Մենք ոչ թե սկզբունքորեն դեմ ենք, այլ ասում ենք, որ կան չլուծված հարցեր, այդ թվում՝ ռազմագերիների խնդիրը»,- այդ մասին ասել է հայկական կողմի ներկայացուցիչը, գրում է РБК-ն։

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը РБК-ին հայտնել է, որ չլուծված խնդիրների շարքում է նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման տարբերակների քննարկումը:

«Պատկերացնել, որ 2 շաբաթում կլուծվեն երկու երկրների միջև եղած խնդիրները, ըստ իս, անհնար է, քանի որ տարաձայնությունները շատ խորն են»,- ասել է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ եվրասիական տարածքի գաղափարը համապատասխանում է իր տնտեսական շահերին:

--00—ԼՄ