Արտաքին հետախուզության ստեղծումն արդյունավետ է միայն Փաշինյանի իշխանության ամրապնդման տեսանկյունից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Կ

Բռնապետական ռեժիմին բնորոշ քայլ է, որի նպատակն է՝ մեկ մարդու ձեռքում կենտրոնացնել ամբողջ պետական ապարատը։ Այս մասին 24News-ին ասաց «Ռազմինֆո» ռազմական-վերլուծական կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետին ենթակա Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման թեմային։

Այսօր կառավարության նիստին ՀՀ արդարադատության նախարարի ժ/պ Գրիգոր Մինասյանը ներկայացրեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ պաշտպանության նախարարությունում, թե՛ ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն:

Դրանով հնարավորություն կընձեռվի՝ նորաստեղծ մարմինը համալրել նաև այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով և արհեստավարժությամբ կնպաստեն արտաքին հետախուզության ծառայության կայացմանը», - նշել էր Մինասյանը։

«Ռազմինֆո» ռազմական-վերլուծական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի խոսքերով, նույնիսկ ֆորմալ մեխանիզմները՝ որոշում կայացնելը, ինֆորմացիան մշակելը, որ տարբեր մարդիկ են անում, ովքեր կարող են նաև բազմակարծություն, քննարկումներ ունենալ ինչ-որ հարցերի շուրջ, հիմա վերացվում են այս կերպ․ «Ամեն ինչ բերվում է մի մարդու տակ, նույնը Ներքին գործերի նախարարության՝ այսպես կոչված «Ազգային գվարդիա» ստեղծելու մասին է։

Որոշումների կայացման բոլոր լծակները, մեխանիզմները բերում-կապում են մեկ անձի վրա»։ Ինչպես այսօր ներկայացրել էր Գրիգոր Մինասյանը, արտաքին հետախուզական ծառայության ստեղծման օրինագծի անցումային դրույթներում նախատեսվում է կարգավորում այն մասին, որ «արտաքին հետախուզական ծառայության ստեղծման և կայացմանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումից 3 տարի անց արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմինները և ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել՝ այս գործառույթն ամբողջովին փոխանցելով նոր ծառայությանը»։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ասաց, որ տարբեր երկրներ, սովորաբար ունենում են ոչ թե 1, այլ մի քանի հետախուզական ծառայություններ նաև այն բանի համար, որ ինֆորմացիան չլինի միայն 1 աղբյուրից, 1 խողովակով․ «Որ հնարավոր լինի հակասական ինֆորմացիաներն իրար հետ համեմատել, որոշել՝ ո՞րն է իրականը, ո՞րը՝ չէ, կամ 2-ն էլ իրակա՞ն չեն։

Այս ամեն ինչը 3 տարում, ըստ էության, վերացվում է, 3 տարում իրենք պետք է վերացնեն այլ հետախուզական ծառայությունները, ինչը կատարյալ աբսուրդ է ու ստեղծեն Նիկոլ Փաշինյանին ենթարկվող 1 հետախուզական կառույց»։

«Այս ծառայության ստեղծումն արդյունավետ է միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամրապնդելու տեսանկյունից», - եզրափակեց Վրթանեսյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ